ՊԵԿ նախագահը հավաստագրեր է հանձնել հարկ վճարողի չափանիշներին համապատասխանող 20 տնտեսավարողների
ЭкономикаՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը փետրվարի 14-ին հավաստագրեր է շնորհել այն տնտեսավարողներին, որոնք համապատասխանում են «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակին: «Ստվերում գործող կազմակերպությունների անունները հնչեցնելու կողքին պետք է հանրությանը ներկայացնենք նաև պարտավորությունները պարտաճանաչ կատարող տնտեսավարողներին: Ձեր անունները գնալով ավելանալու են»,-նշեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:
Մեր երկրում առաջին անգամ կազմակերպվող այս նախաձեռնության շրջանակում կոմիտե է դիմել 26 հարկ վճարող, որոնցից 20-ը բավարարել են պայմաններին: Այսինքն՝ սահմանված կարգով hարկային և մաքսային մարմիններ են ներկայացրել օրենսդրությամբ նախատեսված հաշվարկներ, փաստաթղթեր ու տեղեկություններ, ժամանակին են կատարել hարկերի, տուրքերի և այլ վճարների մուծումը: Որոշիչ հանգամանք է նաև պետական բյուջեի հանդեպ պարտավորությունների ու իրավախախտումների բացակայությունը: «20-ը երբ որ կդառնա 200, 2000, հասարակությանն էլ ընկալելի կլինի, որ գործարարը հավելյալ արժեք ստեղծող է եւ ամենահարգված մարդն է մեր հասարակության մեջ»,- ասաց նա՝ հավելելով, որ հարկ վճարելն ավելի պատվաբեր է, քան չվճարելը:
ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն էլ նշեց, որ Կենտրոնական բանկի պաշտոնական դիրքորոշումն արդեն առկա է. «Օրինապահ հարկ վճարողների նկատմամբ բանկերն առավել մեղմ ռիսկային չափանիշներ կկիրառեն, հետևաբար նաև՝ մեղմ և անտեսանելի վարչարարություն: Օրինապահ հարկ վճարողներն իրենց կարգավիճակով պետք է տարբերվեն»:
«Փրոջեքթ Մենեջմենթ Յունիթ» ՓԲԸ գլխավոր հաշվապահ Արմինե Սահակյանը կարևորել է բիզնեսի համար բանկային արտոնությունների ընձեռումը. «Սա մեծ աջակցություն է բիզնեսին, որը կնպաստի նաև հարկային մարմին-գործարար սերտ և թափանցիկ համագործակցությանը», -հավելեց նա: