Երևանում կանցկացվի «Իրանական կինոյի շաբաթ»
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Ողջունելով հյուրին՝ ՀՀ մշակույթի նախարարը գոհունակությունն ու շնորհակալությունն է հայտնել հայ-իրանական մշակութային կապերի զարգացման, ինչպես նաև Իրանում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքների համար:
Երկու կողմերն էլ կարևորել են պատմամշակութային ժառանգության պահպանության խնդիրը և վերահաստատել համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը: Կողմերը կարևորել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ոլորտում համատեղ հայտեր ներկայացնելու հարցը:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրել է, որ առաջընթաց է նկատվել կինո³րտադրության ոլորտում համագործակցություն իրականացնելու ուղղությամբ. ունենք առաջին համատեղ նախագիծը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում նախանշվող միջոցառումներին՝ ՀՀ մշակույթի նախարարը տեղեկացրել է, որ 2015 թվականին Հայաստանը հնարավորինս ակտիվ ներկայացված կլինի Իրանում տեղի ունեցող միջազգային հարթակներում՝ փառատոններ, ցուցահանդեսներ, գրքի տոնավաճառներ և այլն:
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և տեղեկացրել, որ մոտ օրերս Երևանում կանցկացվի «Իրանական կինոյի շաբաթ»: Նա միևնույն ժամանակ հայտնել է, որ Ատրպատականի Հայոց թեմական խորհրդի կազմում գործող պարային խումբը և երգչախումբը ցանկանում են հյուրախաղերով հանդես գալ Հայաստանում: Նախատեսվում է, որ նրանք համերգներով հանդես կգան նաև Սյունիքի մարզում: ՀՀ մշակույթի նախարարը կարևորել է նախագծի իրականացումը, քանի որ այն կնպաստի սահմանամերձ բնակավայրերում մշակութային կյանքի ակտիվացմանը:
Հանդիպման ավարտին հաջողություն մաղթելով հյուրին՝ Հասմիկ Պողոսյանը հույս է հայտնել, որ երկկողմ մշակութային հարաբերություններն այսուհետև էլ կշարունակվեն բարձր մակարդակով: