Գաբրիել Ղազարյանը վարել է մարզաձևերի մասսայականացմանը նվիրված քննարկումը
СпортՍուսերամարտ, վոլեյբոլ և սեղանի թենիս մարզաձևերի մասսայականացմանը նպաստելու նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կազմակերպված քննարկումն անցկացրել է նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարո ւթյունից:
Գաբրիել Ղազարյանը հրավիրված ֆեդերացիաների ներկայացուցիչներին հորդորել է իրենց ֆեդերացիաների աշխատանքը կազմակերպելիս մի փոքր հեռանալ Երևանից և հնարավորինս ակտիվ աշխատել մարզերում: «Հասկանալի է սուսերամարտի առանձնահատկությունը՝ այն, որ դրանով մարզվելն առանց մարզագույքի հնարավոր չէ, սակայն սեղանի թենիսը և վոլեյբոլը ավանդաբար ամենամասսայական մարզաձևերն են: Անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավոր միջոցները դրանք ավելի մատչելի և հասանելի դարձնելու համար»,- ասել է նախարարի տեղակալը:
Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանի խոսքերով՝ սուսերամարտի զարգացմանը մեծապես նպաստում է մեր երկրում միջազգային մրցաշարերի անցկացումը: «Մենք դրա փորձն ունենք, արդեն 5-րդ անգամ Երևանում անցկացվում է միջազգային մրցաշար: Նախատեսում ենք Երևանում կազմակերպել նաև Եվրոպայի առաջնությունը»,- ասել է Ա. Գրիգորյանը:
Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Ֆելիքս Սարգսյանը ցավով նշել է, որ այս մարզաձևը հետզհետե կորցնում է երբեմնի իր մեծ մասսայականությունը, ինչը նա հիմնավորել է մարզագույքի պակասով:
Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները խոսել են կազմակերպվող մրցաշարերի, առաջնությունների և վերապատրաստման սեմինարների մասին: Լսելով նրանց՝ նախարարի տեղակալը նշել է, որ վոլեյբոլն այն խաղային մարզաձևն է, որը հասանելի է գրեթե բոլոր տարիքային խմբերին՝ անկախ նրանց մարզական վիճակից: «Հիշե՛ք, մենք այսօր խոսում ենք ոչ թե մեծ սպորտի, այս մասսայական սպորտի զարգացման մասին: Մասսայական սպորտի զարգացմանը մենք կարող ենք հասնել համատեղ աշխատանքի շնորհիվ»,- ասել է Գաբրիել Ղազարյանը:
Հանդիպման վերջում նախարարի տեղակալը խնդրել է ներկաներին, իրենց մարզաձևերի մասսայականացմանը նպաստող աշխատանքների վերաբերյալ երկշաբաթյա ժամկետում նախարարության համապատասխան վարչություն ներկայացնել առաջարկությունների փաթեթ: