Անցյալ տարի արգելափակումից դուրս է բերվել 578, այս տարի` 507 մեքենա
ОбществоՀանրապետության ճանապարհներին ձյան հետեւանքով արգելափակված մեքենաների թիվն այս տարի համեմատաբար քիչ է եղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ, փրկարարծառայության փոխգնդապետ Հրանտ Ճաղարյանը նշեց, որ անցյալ տարի արգելափակումից դուրս է բերվել 578, այս տարի` 507 մեքենա:
«ԱԻՆ նախարարի հրամանով հանրապետության ճանապարհներին վրանային երեք հենակետ են հիմնվել, որտեղ քաղաքացիների համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել: Վրաններում նրանք կարող են սնվել, թեյ խմել»,-ասաց նա: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի ճանապարհների սպասարկման և շահագործման բաժնի պետ Հրաչյա Բաղդասարյանն էլ նշեց, որ հանրապետության միջպետական եւ հանրապետական ճանապարհների ընդհանուր ցանցի երկարությունը կազմում է 3400 կմ:
«Ճանշիններն աշխատում են օր ու գիշեր: Մենք GPS համակարգի միջոցով կարողանում ենք տեղից հետեւել նրանց կողմից իրականացվող աշխատանքներին»,-ասաց նա: Բաղդասարյանը չբացառեց, որ լինում են նաեւ թերություններ, բայց ամեն ինչ արվում է դրանք շտկելու համար: