Հայաստանի օրինակով բազմաթիվ երկրների դպրոցական ծրագրում ներդրվել է շախմատը. ՖԻԴԵ-ի նախագահ
Հայաստանի օրինակը դրական ազդեցություն է ունենում ամբողջ աշխարհում մանկապատանեկան շախմատի զարգացման վրա: Այս մասին հայտարարեց Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը Երևանում անցկացվող «Շախմատը դպրոցում» միջազգային կոնֆերանսի ժամանակ' շնորհակալություն հայտնելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ շախմատի ֆեդերացիային շախատի նկատմամբ ունեցած հոգատար վերաբերմունքի և նոր գաղափարների ներդրման համար:
«Այն օրինակը, որ մեզ ցույց տվեց Հայաստանի ղեկավարությունը 2011թ. պետական մակարդակով ընդունելով շախմատը որպես հանրակրթական առարկա, օրինակ է շատ երկրների համար: Հայաստանի օրինակը դրական ազդեցություն է ունենում ամբողջ աշխարհում մանկապատանեկան շախմատի զարգացման վրա: Ձեր ծրագիրը թարգմանված է տարբեր լեզուներով, մի քանի ամիս առաջ, երբ ես Մեքսիկայում էի, նրանք ինձ ցույց տվեցին պետական ծրագիր ու ասացին, որ Հայաստանի օրինակով պարտադիր ուսուցանվելու է դպրոցներում: Այդպես՝ նաև Պարագվայում, Մոնղոլիայում, Թայլանդում և այլ երկրներում, սկսել է տարածվել այս ծրագիրը ձեր երկրի շնորհիվ: Այստեղ բոլորը շնչում են շախմատով, և դա, կարծում եմ, ձեր արյան մեջ է: Հայաստանը միակն է հետխորհրդային պետությունում, որ կարճ ժամանակում դարձավ եռակի չեմպիոն, նման բան չեն կարողանում անգամ ամենամեծ երկրները: Փոքր երկիր է, բայց երեք անգամ նվաճել է ոսկի: Սա խոսում է այն կարևոր աշխատանքի մասին, որ անցկացվում է այստեղ»,- «Արմենպրես»-իփոխանցմամբ' ասաց Կիրսան Իլյումժինովը' հավելելով, որ եթե աշխարհի բնակչության մեծամասնությունը շախմատ խաղա և շախմատի կանոնները սովորի, ապա երկիր մոլորակում հակամարտությունների թիվն էլ կնվազի: «Նրանք ովքեր շախմատ են խաղում, նախ մտածում են, հետո գործում: Նրանք պատասխանատվություն են կրում իրենց կատարած աշխատանքի համար և եթե աշխարհում շատ մարդ լինի, ով խաղում է շախմատ, քիչ կլինեն հակամարտությունները»,- ասաց Իլյումժինովը:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատը Լպուտյանի գնահատմամբ էլ' շախմատն արդարացի խաղ է և իր մեջ պարունակում է արդարություն, արդար պահվածք և արդար մթնոլորտ: «Շախմատ խաղալով երեխաները տեսնում են արդարություն: Դա շատ կարևոր է հասարակության, մարդկության, մարդու մտածելակերպի համար: Շախմատի շնորհիվ երեխան ինքնուրույն որոշում է կայացնում, իրավիճակը գնահատում, քայլ կատարում: Երեխան խաղում է շախմատ և սովորում է արդար հաղթել և պարտվել, վերլուծում իրավիճակներ և դառնում կայացած մարդ»,- ասաց Սմբատ Լպուտյանը:
Հայաստանն առաջին երկիրն է աշխարհում, որտեղ շախմատ առարկան ուսուցանվում է հանրակրթական դպրոցներում: «Շախմատ» առարկան ՀՀ հանրակրթական դպրոցների ծրագրերում ներառվել է 2011 թվականից: