Մայրաքաղաքի դպրոցներում կանցկացվի «Բնական միջավայրը և ես» կրթական ծրագիրը
Երևանի քաղաքապետարանը Հայաստանի ամերիկյան համալսարանի «Յակոբեան բնապահպանական կենտրոնի» հետ համատեղ մայրաքաղաքի մի շարք դպրոցներում 2014-2015 ուսումնական տարվա ընթացքում կիրականացնի «Բնական միջավայրը և ես» կրթական ծրագիրը: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետարանի ենթակայության դպրոցների բարձր դասարանների աշակերտների շրջանում անցկացվող ծրագրի հիմնական նպատակն է հնարավորություն տալ աշակերտներին ավելի լայն պատկերացում կազմել տեղային, տարածաշրջանային, համաշխարհային բնապահպանական խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև զարգացնել աշակերտների՝ բնապահպանական խնդիրների լուծման անհատական և խմբային ունակությունները:
Ծրագրի պատշաճ կազմակերպման և անցկացման նպատակով հրավիրվել է հանդիպում-քննարկում՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի, զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանի, ՀԱՀ փոխնախագահ Աշոտ Ղազարյանի, ՀԱՀ Հակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանի, ինչպես նաև ծրագրի մասնակից դպրոցների տնօրենների մասնակցությամբ:
Կարևորելով նմանօրինակ նախաձեռնությունների կյանքի կոչումը մայրաքաղաքի դպրոցներում՝ Արմեն Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ Երևանի քաղաքապետարանի համագործակցությունը Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ կլինի շարունակական նաև այլ ծրագրերի շուրջ: ՀԱՀ փոխնախագահ Աշոտ Ղազարյանը, իր հերթին ընդգծելով համալսարանի պատրաստակամությունը, հույս է հայտնել, որ ծրագրի հաջող մեկնարկից հետո ծրագրում կներգրավվեն ավելի շատ դպրոցներ:
Շուրջ 2 ամիս' շաբաթական 1 անգամ դպրոցի հիմանական դասաժամերից հետո կազմակերպվող կրթական ծրագրին յուրաքանչյուր դպրոցից կմասնակցի 15-20 աշակերտ՝ կամավորության սկզբունքով: Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը նշել է, որ ծրագրի առաջին փուլում ընտրվել են թիվ 31, 56, 137, 155 և 173 հիմնական դպրոցները, ինչպես նաև 87 միջնակարգ դպրոցը՝ հաշվի առնելով աշակերտների փոքր, միջին և մեծ թվաքանակը։
«Բնական միջավայրը և ես» ծրագրով նախատեսվում է նաև դաշտային արշավների կազմակերպում, բնական ռեսուրսների, էներգիայի, քաղաքների, գյուղատնտեսության, աղբի կառավարման և վերամշակման, կենսաբազմազանության և այլ թեմաների շուրջ քննարկումներ և այլ միջոցառումներ: Աշակերտները միաժամանակ կապ կհաստատեն ինչպես հայաստանյան, այնպես էլ աշխարհի տարբեր երկրների էկոակումբների և բնապահպանական նախաձեռնությունների անդամների հետ:
Այս մասին Orer.am-ին հայտնում են Երևանի Քաղաքապետարանից: