ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչներին
ЭкономикаՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը փետրվարի 17-ին ընդունել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) պատվիրակությանը, որը գլխավորում էր ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման նպատակն էր ուրվագծել գյուղատնտեսության ոլորտի առաջնային խնդիրները և քննարկել իրականացվող ծրագրերի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցության հնարավոր եզրերը:
Հանդիպման սկզբում Կարեն Զադոյանը տեղեկացրել է, որ ասոցիացիան Եվրոպական Միության օժանդակությամբ մի շարք գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ Հայաստանի մարզերում իրականացնում է 34 ամիս տևողությամբ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերին: Նա նշել է, որ ծրագրի հիմնական նպատակն է վեր հանել մի շարք ոլորտներում, այդ թվում` նաև գյուղատնտեսության բնագավառում առկա խնդիրները և քաղաքացիական հասարակության ներգրավմամբ մշակել հանրային քաղաքականության նոր ծրագրեր:
Նրա խոսքով` ծրագրով նախատեսվում է, մասնավորապես, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում փորձագիտական օժանդակության միջոցով նպաստել այդ թվում գյուղատնտեսության ոլորտում հասարակական կազմակերպությունների ձևավորմանը և բնագավառի քաղաքականության մշակման և իրականացման գործընթացում դրանց մասնակցության ապահովմանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ողջունել է ասոցիացիայի գործունեությունը և նշել, որ գործում է նախարարին կից հասարակական խորհուրդ, ինչպես նաև պարբերաբար հանդիպում է ոլորտի մասնագետների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և կարևորագույն հարցերից է համարում գյուղատնտեսության ոլորտը կանոնակարգող միասնական փաստաթղթի՝ գյուղատնտեսության մասին օրենքի մշակումը: Նախարարը նշել է, որ նախարարության մասնագետները պատրաստակամ են գործուն աջակցություն ցուցաբերել, որպեսզի աշխատա նքներն ավելի արդյունավետ և սեղմ ժամկետներում իրականացվեն:
«Այսօր գյուղատնտեսության ոլորտում կան առանձին օրենքներ, բազմաթիվ հայեցակարգեր, որոնք թույլ չեն տալիս ապահովել ոլորտի միասնական կարգավորումը: Հնարավորության դեպքում մենք պատրաստ ենք միավորել այս խնդրի լուծմամբ շահագրգռված բոլոր ուժերին և քայլեր ձեռնարկել խնդրի ուսումնասիրման շուրջ», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: