Աբդուլլահ Օջալանը կտեղափոխվի այլ բանտ
Международные новостиՔուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը Մարմարա ծովի Իմրալի կղզու բանտից կտեղափոխվի հյուսիսարևմտյան Բուրսա նահանգի բանտ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Kanal7 հեռուստաալիքը:
Օջալանի տեղափոխությունն իրագործվում է Թուրքիայում քրդական խնդրի «ժողովրդավարական լուծման» միջոցառումների շրջանակում: Ավելի վաղ Օջալանին այլ բանտ տեղափոխելու պահանջով հանդես էին եկել Թուրքիայի քրդական կուսակցությունները: Այլ մանրամասներ թուրքական հեռուստաալիքը չի հայտնել:
«Անատոլու» լրատվական գործակալությունը մեջբերել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Բեշիր Աթալայի' այդ կապակցությամբ արած հետևյալ հայտարարությունը. «Օջալանին այլ բանտ փոխադրելու մասին խոսք լինել չի կարող»:
PKK-ի առաջնորդը 1999 թվականի փետրվարի 15-ին ձերբակալվել էր Քենիայում, հանձնվել թուրքական իշխանություններին և նետվել Մարմարա ծովի Իմրալի բանտ: Օջալանը սկզբում դատապարտվել էր մահվան: Սակայն, հետո այդ միջոցը փոխարինվել էր ցմահ բանտարկությամբ:
Թուրքիայի հետ PKK-ի միջև կոնֆլիկտը շարունակվում է արդեն ավելի քան 25 տարի և խլել է 40 հազարից ավելի մարդու կյանք: Թուրքիան PKK-ն ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն:
Թուրքիայում քրդական խնդրի «ժողովրդավարական լուծման» գործընթացը սկսվել է 2009 թվականին: PKK-ն միակողմանի կերպով հրադադար է հայտարարել և սկսել իր զինյալներին դուրս բերել Թուրքիայի տարածքից հարևան Իրաք: Սակայն, Անկարան մինչ այժմ չի կատարել քրդական խնդրի լուծման ուղղությամբ իր խոստումները: