Արցախում քաղաքական զարգացումը զուգորդվում է տնտեսական առաջընթացով. Մերձդնեստրի ներկայացուցիչ
ЭкономикаԱրցախում քաղաքական զարգացումը զուգորդվում է տնտեսական առաջընթացով, ինչը շատ կարեւոր է եւ ուսանելի մեզ համար։ Այս մասին, այսօր՝ փՓետրվարի 19-ին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Սահմանադրության հանրաքվեին դիտորդական առաքելությամբ Արցախում գտնվող Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության Գերագույն խորհրդի` օրենսդրության, իրավապահ մարմինների, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների հարցերով կոմիտեի փոխնախագահ Գրիգորի Դյաչենկոն։
ԼՂՀ ԱԺ-ից հայտնում են, որ Մերդնեստրի պատվիրակության կազմում է նաեւ հայ համայնքի ղեկավար Գեղամ Գեւորգյանը:
Կարեւորելով Արցախի եւ Մերձդնեստրի միջեւ արդեն ձեւավորված բարի ավանդույթը փոխադարձաբար իրականացնելու դիտորդական առաքելություն երկու երկրներում տեղի ունեցող ընտրական գործընթացներում՝ Աշոտ Ղուլյանը ընդգծել է Արցախի համար կարեւոր քաղաքական իրադարձությանը Մերձդնեստրի պաշտոնական ներկայացուցիչների մասնակցության կարեւորությունը:
Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության Գերագույն խորհուրդի պատգամավոր Գրիգորի Դյաչենկոն, երկրի ղեկավարության եւ ժողովրդի անունից ողջունելով ԱԺ նախագահին, նշել է, որ առաջին անգամ չէ Արցախում եւ ամեն անգամ հիանում է՝ տեսնելով, թե ինչպես են արցախցիները զարգացնում իրենց երկիրը:
«Ձեզ մոտ հստակ երեւում է, որ քաղաքական զարգացումը զուգորդվում է տնտեսական առաջընթացով, ինչը շատ կարեւոր է եւ ուսանելի մեզ համար»,- նշել է Գրիգորի Դյաչենկոն:
Հյուրերի խնդրանքով Աշոտ Ղուլյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի առանձին դրույթներ եւ պատրաստակամություն է հայտնել` փոխանցելու Արցախի փորձը հետխորհրդային տարածաշրջանի այլ պետություններին:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ Ազգային ժողովի արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը: