Արմեն Ամիրյանը փորձելու է լուծել Պետական կամերային երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավարի հարցը
КультураՀայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանի հետ հանդիպմանը նշել է, որ թատրոնին գեղարվեստական ղեկավար է անհրաժեշտ, որի հետ և կմշակվեն թատրոնի ստեղծագործական ծրագրերը՝ Կամերային երաժշտական թատրոնի ցուցանիշները լավացնելու համար:
Ինչպես տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, առաջիկա տասն օրերի ընթացքում նախարարը փորձելու է լուծել գեղարվեստական ղեկավարի հարցը: Դրանից հետո երկու շաբաթ կտրվի՝ նրա հետ գործնական ծրագիր մշակելու և ներկայացնելու համար:
Վարդան Գրիգորյանի խոսքով` թատրոնի ստեղծագործական գործունեությունը 2016-ին գերծանրաբեռնված էր: Նա ընդգծել է, որ անգամ 2015-ին, երբ թատրոնում «խառնակչությունն» անպակաս էր, 2.7 միլիոնով գերակատարել են տարեկան պլանը:
Տնօրենը նախարարին է ներկայացրել թատրոնի կիսաքանդ անցյալն ու բարեկեցիկ ներկան փաստող տասնյակ լուսանկարներ:
«Գովազդի առումով տեղը հարմար չէ. թատրոնը հեռու է ճանապարհից»,-դժգոհել է Վարդան Գրիգորյանը՝ միաժամանակ նշելով, որ փորձում է բանակցել Սիրահարների այգու տնօրենության հետ, որպեսզի այգու ճեմուղին՝ թատերական դարձնելու միջոցով, այցելուներին ուղղորդեն դեպի թատրոն:
Նախարար Արմեն Ամիրյանը հակադարձել է` շեշտելով, որ ճանապարհն ու ճեմուղին հարցի լուծում չեն և հորդորել է ժամանակի հետ քայլել սովորել, ակտիվանալ սոցցանցերում, արդյունավետ փիարի տարբեր ուղիներ գտնել: