Արմեն Աղայանն իր անձնական ձախողումները թող չկապի «Հայազն»-ի հետ. «Հայազն» կուսակցության վարչություն
Интервью«Հայազն» կուսակցության վարչության անդամները պատասխանում են կուսակցության նախկին անդամ, քաղաքագետ Արմեն Աղայանին, ով այսօր հարցազրույցով է հանդես եկել և քննադատության ենթարկել «Ծառուկյան» դաշինքին միացած անդամներին` նրանց քայլը որակելով գաղափարական դավաճանություն:
«Հայազն» կուսակցության վարչության անդամ Սոնա Կարապետյան.
«Ցավով եմ նշում, որ Արմեն Աղայանի հետ ճանապարհ անցնելուց հետո բախվեցինք իր իսկ կողմից կառուցված անանցանելի պատնեշին: «Հայազն»-ը ոչնչացնելու իր բազմաթիվ ծածուկ փորձերից հետո նա անցավ սահմանը, մեզ` մեր լավագույն տարիները Երևանի փողոցներում պայքարի մեջ անցկացրած երիտասարդներիս, մեղադրելով դավաճանության մեջ: Ու դա անում է մի մարդ, ով իր կողքից հեռացրել է բոլոր ընկերներին ու երբեմնի գաղափարակիցներին: «Հայազն»-ը ստեղծել են ազնիվ երիտասարդներ, ովքեր մինչ օրս հավատարիմ են «Հայազն»-ի գաղափարախոսությանն ու նպատակին, ու մեզ դավաճանության մեջ մեղադրել փորձող ցանկացած անձ ստանալու է իր արժանի հակահարվածը:
Նախկին գործընկերոջ տված գնահատականների վերաբերյալ կուսակցության վարչության մեկ այլ անդամ՝ Ագուն Սաղաթելյանն էլ կարծիք հայտնեց, որ Արմեն Աղայանի առաջարկները որևէ զարգացման հնարավորություն չէին բացում «Հայազն»-ի համար և ճահճից դուրս գալու հնարավոր ցանկացած փորձ կանխվել է հենց Աղայանի կողմից: «Ինքս կողմ եմ այս լայն կոնսոլիդացիային, համոզված եմ, որ հաղթանակը մերն է լինելու»:
Ներկայացնում ենք նաև կուսակցության մյուս անդամների տեսակետը.
«Հայազն» կուսակցության վարչության անդամ Արտավազդ Սարգսյան.
Շուրջ մեկ տարի է՝ ինչ «Հայազն» կուսակցության անդամների կողմից շարունակաբար մերժվեց Արմեն Աղայանի առաջարկած «Հայկական Ընտրություն» ծրագիրը, որը իրենից ներառում էր ընտրություններից առաջ ընտրական ցուցակ ձևավորելու պրոցես։ Ըստ ինձ՝ այդ ծրագիրը չէր համապատասխանում ներկայիս ռեալպոլիտիկին: Կար խնդիր նաև ՏԻՄ ընտրություններին մասնակցելու, այլ ընդդիմադիր ուժերին չպիտակավորելու մեր պահանջների շուրջ: Ի վերջո, ըստ մեզ, խաղաղ բաժանում տեղի ունեցավ, բայց քանի որ «Ծառուկյան» դաշինքի հաղթարշավը խուճապի է մատնել որոշ ուժերի, տրամաբանական էր նման արձագանքները:
Ես իրեն չեմ վիրավորի, ինչպես՝ ինքը, միայն խորհուրդ կտամ զուսպ արտահայտվել, խոսք ասելուց առաջ էլ երկար մտածել, թե չէ կարծես տարիքն առած մարդ է, պիտի խելքին մոտ բաներ խոսի, բայց արի ու տես խոսքը խոսքին հակասում է. մեկ ասում է մի տարի է «Հայազն»-ի անդամ չեմ, մեկ ասում է «Հայազն»-ի անդամները «Հայազն»-ի անդամ չեն և այլն: Ես ռեյթինգային ընտրակարգով «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջադրվել եմ ԱԺ պատգամավորության թեկնածու թիվ 1 ընտրատարածքում, և վստահաբար ասում եմ` ամեն ինչ անելու եմ մեր դաշինքի հաղթանակը ապահովելու և ԱԺ-ում սերնդակիցներիս ներկայացնելու համար:
«Հայազն» կուսակցության վարչության անդամ Դավիթ Խոսրովյան.
Աղայանը իր կարծիքը հենց այսպես` չարությամբ էլ պետք է արտահայտեր: Դա իրեն հատուկ է, դուք կարող եք հարցնել մյուս կազմակերպություններից, որտեղ ինքը անդամակցել ու մարդկային թշնամանք թողնելով հեռացել է, և չեմ ցանկանա ծավալվել: Ուղղակի կարող եմ ֆիքսել, որ «Ծառուկյան» դաշինքի ծրագրային 15 կետերը ամբողջությամբ մեր ու հայ ժողովրդի սրտից են բխում:
«Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյան.
Աղայան Արմենի հետ միշտ մարտավարական տարաձայնություններ ենք ունեցել, վերջին մի տարում դրանք սրվեցին և իր մի քանի շանտաժի փորձերով փակուղի մտան: Հիմա ուղղակի կժպտամ իր այս էժան քայլերի վրա և բարի ճանապարհ կմաղթեմ: