Միջազգային դիտորդների ներկայությունը Արցախի ոչ պաշտոնական ճանաչումն է. «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր հյուրն է «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» նախագահ Ստեփան Գրիգորյանը
– Ղարաբաղում կայացել է սահմանադրական հանրաքվե: Նման իրավական միջոցառման անցկացումը միջազգային հանրության շրջանում կարո՞ղ է բարձրացնել ԼՂ վարկանիշը` որպես ժողովրդավարական երկիր` դրանից բխող բոլոր հետևություններով:
– Միայն այն փաստը, որ Ղարաբաղ այցելեց 104 միջազգային դիտորդ 30 երկրից, այդ թվում` Եվրախորհրդարանի պատգամավորներ, շատ բանի մասին է խոսում: Դա նշանակում է, որ կա հետաքրքրություն Ղարաբաղի նկատմամբ, այդ դիտորդներն արդեն փաստել են, որ հանրաքվեն անցկացվել է միջազգային ստանդարտներին համապատասխան: Այս գործընթացը Ղարաբաղի ժողովրդի պայքարի լեգիտիմության աստիճանը էլ ավելի կբարձրացնի: Հանրաքվեն, ընտրությունները ժողովրդավարության շատ կարևոր էլեմենտներն են: Այդ իմաստով Ղարաբաղը, այո, միանշանակ շահում է:
– Նման թվով միջազգային դիտորդների ներկայությունը, թերևս, կարելի է համարել նաև Ղարաբաղի ոչ պաշտոնական ճանաչում: Մենք կարողանո՞ւմ ենք այդ ռեսուրսը ճիշտ օգտագործել արդեն բանակցային պրոցեսում:
– Բանակցային պրոցեսի մասին դժվարանում եմ ասել: Մինսկի խումբը և համանախագահող երկրները առանձին–առանձին հայտարարեցին, որ չեն ճանաչելու հանրաքվեի արդյունքները: Բացատրությունը հետևյալն էր` նրանք չեն ցանկանում կանխորոշել ԼՂ կարգավիճակը, քանի որ կա Մինսկի խումբ և դրա շրջանակներում ընթանում է պրոցես: Բայցևայնպես, նրանց ձևակերպումներում հստակ գրված է, որ դա ձև է Ղարաբաղում ձևավորելու իշխանություն, արտահայտելու ժողովրդի կամքը: Եթե ուշադիր նայենք, այդ հայտարարություններում հարգանքով են խոսում այն փաստի մասին, որ ԼՂ իշխանություններն անցկացնում են հանրաքվե: Եվ ժողովրդի կողմից ձևավորված իշխանության դեմ բան չեն ասում: Դա նշանակում է, որ ԼՂ ոչ պաշտոնական ճանաչումը շարունակվում է` ի հեճուկս Ադրբեջանի կողմից «սև ցուցակի» մեծացմանը:
– Ադրբեջանական մամուլը գրել էր, որ հանրաքվեի անցկացումը տորպեդահարում է խաղաղ բանակցային պրոցեսը: Հանրաքվեի անցկացումը կարո՞ղ է ազդել բանակցությունների վրա:
– Ցանկացած հանրաքվե, ընտրական պրոցես իր էությամբ ուղղակի չի կարող խանգարել ԼՂ հարցի լուծմանը: Իսկ ավելի կոնկրետ` բանակցային պրոցեսի չվերսկսման գլխավոր խոչընդոտը հենց Ադրբեջանն է, նրա ագրեսիվ քաղաքականությունը, այն, որ անընդհատ զինադադարը խախտում է, դիվերսիոն խմբեր է ուղարկում:
– Հանրաքվեի կետերից մեկն այն է, որ Ղարաբաղի Հանրապետությունը վերանվանվում է Արցախի Հանրապետություն: Այս անվանափոխությունը քաղաքական ենթատեքստ ունի՞:
– Ոչ միայն քաղաքական: Ավելի կարևոր է դրա պատմական ասպեկտը: Ղարաբաղը ուներ իր պատմական անունը` Արցախը, որը այդ հատվածը կապում էր հայ ժողովրդի պատմության հետ: Սովետական Միության ժամանակ ցանկացել էին հայ ժողովրդի ղարաբաղյան հատվածի պատմությունը արհեստականորեն կտրել հայ ժողովրդի ընդհանուր պատմությունից: Այդ անվանափոխությունը վերականգնում է այդ կապը:
– Ի դեպ, ադրբեջանական կողմը հենց պատմական ասպեկտն էր ընդգծել` նշելով, որ հայերը փորձում են ադրբեջանական հին տեղանունները փոխել և իրենց պատմությունը խեղաթյուրել:
– Ես առաջնորդվում եմ փաստերով: Գնանք թեկուզ Օսմանյան կայսրության ժամանակները: Ամբողջ այն մեծ տարածաշրջանում, որը ներգրավում էր Հայաստանը, Ադրբեջանի մի մասը, Ղարաբաղը, Նախիջևանը, Արևմտյան Հայաստանը, տեղանունները հայկական էին: Էլ չեմ ասում, որ եթե հետ գնանք Հին Հռոմ, ապա այդ ժամանակների քարտեզներով այս ամբողջ մեծ տարածաշրջանը կոչվում էր Արմենիա: Ու դա հայ գիտնականների կամ պատմաբանների հորինածը չէ:
Իսկ ադրբեջանական քարոզչամեքենան պետք է մի քիչ խելոքանա: Բառիս բուն իմաստով: Գոնե մի երկու գիրք կարդան: Գոնե փաստերը իմանան, հետո խեղաթյուրեն: Որ մենք էլ նրանց հերքելուց մի փոքր դժվարանանք:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: