Միջազգային փորձագետները կրթական բարեփոխումների առաջարկ են արել կառավարությանը
ОбществоՄասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և ՏԵՄՊՈՒՍ-ի ALIGN ծրագրի համագործակցությամբ կազմակերպված աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են ծրագրի ձեռքբերումներն ու մարտահրավերները շահակից երկրներում՝ Հայաստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում:
Այս մասին տեղեկացրին ՈԱԱԿ-ից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Որակի շաբաթվա երրորդ օրվա քննարկման թեման մասնագիտության կրթական ծրագրերի և որակավորումների ազգային շրջանակի համահունչությունն էր:
Այնուհետև դասախոսների, ուսանողների և վարչական ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցավ ընդհանուր քննարկում, թե ինչու և ինչպես է պետք բարեփոխել մասնագիտության կրթական ծրագրերը: Քննարկման մասնակիցները համաձայնեցին, որ ցկյանս ուսումնառությունն այլընտրանք չունի, որ տեսական կրթությունը չի նշանակում ապագային միտված կրթություն: Անդրադարձ կատարվեց նաև պրակտիկ և տեսական կրթության համամասնությանը ՄԿԾ-ներում:
Հայաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները կիսվեցին նաև ՈԱՇ-ի և վերջնարդյուքնների համապատասխանեցման իրենց փորձով, ներկայացրեցին ALIGN-ի շրջանակներում իրականացված մասնագիտության կրթական ծրագրերի արտաքին գնահատումից քաղված դասերը:
Աշխատաժողովն ամփոփվեց Հայաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի կառավարություններին ուղղված փոփոխությունների առաջարկով: Միջազգային փորձագետներն առաջարկում են հստակեցնել կրթական և գիտական աստիճանները (բակալավր, մագիստրոս, PHD)՝ համապատասխանեցնելով միջազգայնորեն ճանաչելի նկարագիրներին; յուրաքանչյուր բուհի ապահովել բավարար ինքնավարությամբ՝ ինքնուրույն մշակելու և իրականացնելու մասնագիտության կրթական ծրագրեր; պարբերական շրջափուլերով իրականացնել մասնագիտության կրթական ծրագրերի արտաքին գնահատում; ազգային մակարդակում ավարտական կուրսի ուսանողների հարցում իրականացնել՝ պարզելու արդյոք ՄԿԾ-ների նպատակն իրականացված է և ինչ բարեփոխումների կարիք կա; ապահովել ուսանողական կառույցների ինքնավարությունը բուհերում; կազմել աշխատանք գտած շրջանավարտների տվյալների շտեմարան, ինչը կնպաստի աշխատաշուկայի կարիքները հասկանալուն և այլն: