Հայաստանի ՍԱՊԾ և Վրաստանի սննդամթերքի ազգային գործակալության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
ЭкономикаՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը և Վրաստանի սննդամթերքի ազգային գործակալության պետ Զուրաբ Չեկուրաշվիլին փետրվարի 23-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում համագործակցության վերաբերյալ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հուշագրի ստորագրմանը ներկա էին Հայաստանի և Վրաստանի գյուղատնտեսության նախարարներ Իգնատի Առաքելյանը և Լևան Դավիթաշվիլին:
Երկու կողմերն էլ գնահատել են հուշագրի ստորագրումը որպես լուրջ քայլ միջազգային չափորոշիչների ներդրման, ինչպես նաև, տեղեկատվության և փորձի փոխանակման բնագավառներում:
Երկուստեք կարևորվել են սննդամթերքի, բուսասանիտարական և անասնաբուժական հսկողության ենթակա արտադրանքի արտահանումը դյուրինացնելու և այդ ոլորտում համագործակցությունը զարգացնելու` հուշագրով ամրագրված հնարավորությունները:
Այս համագործակցությունը կամրապնդվի բուսասանիտարիայի, անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության բնագավառներում վերահսկողություն իրականացնող ներկայացուցիչների փոխայցելություններով: