ԱԳ նախարարի տեղակալը չինացի գործարարներին ներկայացրել է Հայաստանում ներդրումային հնարավորությունները
ЭкономикаՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը փետրվարի 23-ին մասնակցել է Չինաստանի պետական կառույցների, խոշոր ձեռնարկությունների, գործարար ասոցիացիաների ղեկավարների և տարբեր երկրներում Չինաստանի դիվանագետների հետ առցանց համաժողովին: Համաժողովը նվիրված էր Հայաստանում առևտրա-ներդրումային միջավայրի խնդիրներին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱԳ նախարարի տեղակալը համաժողովի մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի տնտեսության կառուցվածքը, տնտեսական ներկայիս իրավիճակը և զարգացման միտումները: Նա տեղեկացրեց Հայաստանում ներդրումային միջավայրի և տնտեսական գործունեություն ծավալելու պայմանների մասին:
Ռոբերտ Հարությունյանն անդրադարձավ նաև հայ-չինական միջկառավարական հանձնաժողովին, որի շրջանակներում քննարկում է երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի բարելավման խնդիրները, այդ թվում գործարարությամբ զբաղվելու տեսանկյունից, ինչպես նաև ներդրումային և այլ համագործակցության ծրագրեր:
Ռոբերտ Հարությունյանը նշեց նաև, որ Չինաստանի քաղաքացիները կարող են մուտքի արտոնագիրը ստանալ ՀՀ տարածք մուտք գործելուն պես, ինչը կարևոր խթան կհանդիսանա զբոսաշրջության զարգացման համար:
Համաժողովի ընթացքում քննարկվեցին գյուղատնտեսության, սննդարդյունաբերության, քիմիական, էլեկտրական սարքավորումների ոլորտներում հնարավոր համագործակցության հեռանկարները: Առանձնակի ուշադրություն դարձվեց Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության արդյունքում ստեղծված առևտրային հնարավորություններին:
Համաժողովի ժամանակ չինական գործընկերների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել նմանատիպ ձևաչափով քննարկումները: