Հանդիսատեսի դատին հանձնվեց սիրիահայերի մասին պատմող «Մանանա» թատերական պատումը
КультураԳարոն և Հովակը Սիրիայի աղետից մազապուրծ եղած եղբայրներ են: Նրանք անասելի դժվարությամբ են փրկվել և պատրաստվում են հեռանալ պատերազմական Սիրիայից: Ի՞նչ անել, ու՞ր գնալ կյանքը շարունակելու համար: Փետրվարի 26-ին Հ. Պարոնյանի անվան Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի փոքր բեմում, «Թատրոն 8»-ը` ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի Կանադայի տեղական նախաձեռնությունների հիմնադրամի աջակցությամբ, ներկայացրեց &laqu o;Մանանա» թատերական պատումը:
Ինչպես տեղեկանում ենք ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից, ներկայացման բեմադրող ռեժիսորը Կարապետ Բալյանն է, դերերում` Հովակ` Մոսես Սարգսիսեան (Սիրիա-Հայաստան), Գարո` Պերճ Ճելլատեան (Սիրիա-Հայաստան), Էնի` Մարիանա Եղիազարյան, Նարե`Ժաննա Հովակիմյան, համակարգի աշխատող՝ Մակար Գալստյան:
Բեմադրության գլխավոր հերոսների` Գարոյի և Հովակի ներկան անորոշ է, սակայն եղբայրները չեն կորցնում լավ ապագա ունենալու հույսը և ճանապարհը նրանց բերում է հայրենիք:
Սիրիահայ եղբայրների հոգեվիճակը հակասական է. Հովակը ձգտում է մանանայի ետևից արտասահման գնալ, իսկ Գարոն Հայաստանում վերսկսած կյանքի հանդեպ ավելի լավատես է:
Երևանում ակումբ բացելուց հետո եղբայրները ծանոթանում են տեղացի երկու աղջկա հետ: Նարեն երիտասարդ, եռանդուն, կազմակերպչական մեծ ջիղով օժտված աղջիկ է: Իսկ Էնին հուսահատ է երկրում տիրող անարդարություններից, որի զոհը նաև ինքն է: Նա մտածում է հեռանալու մասին:
Ժամանակի ընթացքում Հովակի և Էնիի ճանապարհները խաչվում են, և զգացմունքներն ու երկրից հեռանալու ցանկությունն ի վերջո նրանց տանում է Փարիզ` մանանայի ետևից: Գարոն հուսահատության մեջ է. Եղբայրը հեռացավ Ֆրանսիա, ծնողները գնացին Կանադա` քրոջ մոտ: Թևաթափ եղած` նա որոշում է վերսկսել կիթառ նվագելը և այդպես վաստակել` թողնելով ակումբը: Նարեն օգնում է նրան նոր աշխատանք գտնել:
Մեծ եռանդով ստեղծված ակումբում թողնելով իրենց սիրտը` Գարոն և Հովակը պարբերաբար վերադառնում են այնտեղ: Գարոն` ֆիզիկապես, Հովակը` մտովի: Ի վերջո մանանայի փնտրտուքն արդյունք չի տալիս: Էնիի հորդորով Հովակը վերադառնում է: «Այնտեղ մանանա չէին բաժանում»,- ասում է նա եղբորը:
Ներկայացմանը խաղում են ինչպես երևանաբնակ, այնպես էլ հրավիրված երկու սիրիահայ դերասաններ: Ներկայացումը սիրիահայերի ինտեգրման գործընթացին նպաստելու, հայրենադարձ սիրիահայերի ու հայաստանաբնակ հայերի միջև երկխոսություն ստեղծելու փորձ է:
Ներկայացմանը ներկա սիրիահայերի մեծ մասը նշեց, որ այն հիանալի կերպով արտացոլել է իրենց զգացմունքները և ապրումները ու ևս մեկ անգամ համոզել, որ Հայաստանում ապագա ստեղծելն ավելի ամուր հիմքերի վրա կլինի: