Հայկական դիվանագիտության խնդիրը զինադադարի նման խախտումները պատժամիջոցների հանգեցնելն է. «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր հյուրն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը
– Շփման գծում այս օրերի սրացումը ինչո՞վ էր պայմանավորված: Վերջին ամիսներին պարբերական դարձած լարվածության տրամաբանական շարունակությո՞ւնն էր:
– Իհարկե: Դա տրամաբանական շարունակությունն էր այն ամենի, ինչին մենք ականատես էինք դեռ անցած տարվա ապրիլին, դրան նախորդած լարվածության աճին, երբ ամեն մի միջադեպ արդեն իսկ աննախադեպ էր իր նախորդների համեմատությամբ: Դա հանգեցրեց ապրիլյան պատերազմի, որից հետո եղավ դեկտեմբերյան սրացումը Տավուշում, ապա հարձակման փորձը` արդեն փետրվարի 25–ին:
Այս ամենը այն քաղաքական իրողությունների փոփոխության արդյունքն է, որոնք ստանում են այսպիսի նոր բռնի ձևեր: Ի վերջո, պատերազմը քաղաքականության շարունակությունն է: Այս ամենն սկսվեց դեռ 2010–ին, երբ Ռուսաստանն սկսեց Ադրբեջանին աննախադեպ քանակով զենք վաճառել` որոշ տվյալների համաձայն` վերջին 10 տարում Մոսկվան Բաքվին վաճառել է 22 մլրդ դոլարի զենք: Հայաստանը ուղղակի պարտավոր է հաշվի առնել այս իրավիճակի բաղկացուցիչները և պատճառահետևանքային կապերը, ինչից պետք է բխեն շատ կոնկրետ գործողություններ:
– Վերջին ամիսներին իրական բանակցություններ չկան: Ընդ որում, հիմնականում կարելի է ասել, հայկական կողմի, այսպես ասեմ, կոշտ դիրքորոշման պատճառով: Գուցե սա փորձ էր ազդելո՞ւ հայկական կողմի մարտավարության վրա` այս համատեքստում:
– Ես համաձայն չեմ: Ի վերջո, Վիեննայում տեղի ունեցավ շատ կարևոր հանդիպում և ձեռք բերվեցին շատ կարևոր հաջողություններ` ուղղված կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը: Սակայն Հայաստանի թողտվությամբ և ռուսական կողմի նախաձեռնությամբ Ադրբեջանը ուղղակի խուսափեց այդ պարտավորությունից: Եվ հիմա մենք առերեսվում ենք այն նույն իրողությանը, ինչն ունեինք ապրիլին, որն էլ ծնեց ապրիլյան պատերազմը:
– Բայց վերջին մի քանի անգամները հայկական կողմը հրաժարվել է բանակցություններից` նշելով, որ քանի դեռ Ադրբեջանը չի կատարել Վիեննայի պայմանավորվածությունները, բանակցելն անիմաստ է:
– Իր փաստարկներն ավելի հիմնավոր դարձնելու համար հայկական կողմը պետք է նաև համապատասխան քայլեր անի: Երկրորդ` ես կարևորում եմ այն, ինչ տեղի չունեցավ Մյունխենում և տեղի չունեցավ Մոսկվայում: Խոսքը եռակողմ` Լավրով, Մամեդյարով, Նալբանդյան հանդիպման մասին է, ինչի մասին անթաքույց հայտարարում էին և Մոսկվան և Բաքուն: Ու հայկական կողմն էր, որ մերժեց այդ հանդիպումը: Բայց մյուս կողմից, կարծում եմ` եկել է ժամանակը Ադրբեջանի նկատմամբ գնալու որոշակի կոշտացումների: Ի վերջո, պետք է հասնենք նրան, որ Ադրբեջանը հասկանա` զինադադարի նման խախտումները կարող են բերել պատժամիջոցների: Հայկական դիվանագիտության խնդիրը սա է:
– Մինսկի խմբի համանախագահները կրկին հայտարարություն տարածեցին վերջին դեպքերի վերաբերյալ` երկու կողմին էլ կոչ անելով հրաժարվել ուժի կիրառումից այն դեպքում, երբ հայկական կողմը տեսագրություններ և ձայնագրություններ հրապարակեց` փաստացի ապացուցելով Ադրբեջանի ագրեսոր լինելը:
– Այդ ամենը որոշվում է մանդատով: Մինսկի խումբը մանդատ չունի որոշելու, թե որ կողմն է մեղավոր: Բացի այդ, դժվար է պատկերացնել, որ ադրբեջանական կողմին կոչ անեին զերծ մնալ բռնություններից, իսկ հայկական կողմին` ոչ: Տեսեք` նույն Լապշինի պատմությունը, Ալիևի` իր կնոջը փոխնախագահ դնելու պատմությունը: Հայկական կողմը այս ամենի հետ կապված պետք է ուղղակի միջազգային մեկուսացման ենթարկի Ադրբեջանին:
Այսօր Հայաստանին օդի, ջրի պես պետք է դեմոկրատական ռեսուրս: Սա մեծապես պայմանավորված է լինելու առաջիկա ընտրությունների որակով: Ներքին քաղաքականությունը պետք է հանգեցնի համապատասխպան արտաքին քաղաքականության: Այո, հայկական կողմը պետք է ոչ ռուսական ստանդարտներով կառուցի իր ներքին կյանքը: Պետք է սովորի ոչ ասել ռուսներին: Պետք է անի քայլեր, որոնք բխում են իր շահերից, ոչ թե սպասարկում են Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումները: Այս ամենը, իհարկե, չի կարող չանդրադառնալ խաղաղ կարգավորման ակտիվության և ուղղվածության վրա: Եթե Ալիևը ինքնապահպանման հարց է լուծում և հանուն դրա կարող է դիմել ցանկացած քայլի, այդ թվում` պատերազմի, ապա մենք հաստատ գիտենք, որ մեզ պատերազմ պետք չէ:
– Այս ամենը նորից կհետաձգի՞ բանակցությունների վերսկսումը:
– Տեսնենք, թե համանախագահների այցը տարածաշրջան ինչ շեշտադրումներ կբերի: Կարող է հակառակը լինել` տեղի ունեցածը խթան հանդիսանա արդեն լուրջ բանակցությունների համար: Մյուս կողմից էլ, գուցե մենք գնում ենք կարճաժամկետ հեռանկարում լայնամասշտաբ պատերազմի:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: