Գյուղատնտեսության նախարարը պատասխանեց կոոպերատիվների ներկայացուցիչներին և ֆերմերներին հուզող հարցերին
ЭкономикаՕքսֆամի հայաստանյան գրասենյակի և Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի համատեղ նախաձեռնած «Ֆերմերական կոնգրեսի» ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը պատասխանեց ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող շուրջ հարյուր ֆերմերներին և կոոպերատիվների ներկայացուցիչներին հուզող հարցերին:
Միջոցառումը բաղկացած էր երկու մասից, առաջին մասում քննարկվեցին գյուղատնտեսության և ֆինանսական ոլորտի փոխհարաբերություններում ի հայտ եկած խնդիրները, իսկ երկրորդ մասում` գյուղատնտեսական կոոպերատիվներին և գյուղատնտեսական խորհրդատվական համակարգին առնչվող հարցեր:
Կոնգրեսին բացման խոսքով հանդես եկավ Օքսֆամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը: Նրա խոսքով` ծրագիրն իր զարգացման չորրորդ տարում է և նրա հիմնական բաղադրիչներն ուղղված են գյուղատնտեսության ոլորտում տեղական արտադրության զարգացմանը, պարենային անվտանգության ապահովմանը և սննդի անվտանգությանը:
«Այս կոնգրեսի նպատակն է ստեղծել երկխոսության մի հարթակ Հայաստանում գործող ֆերմերների, կոոպերատիվների և գյուղատնտեսության նախարարության, քաղաքականություն մշակողների ու իրականացնողների հետ: Ուստի, կարծում եմ, որ ֆերմերների ունեցած հարցերը հնարավոր կլինի առաջ քաշել և հանդես գալ առաջարկություններով, ինչպես նաև միմյանց հետ կիսել փորձը»,- ասաց Հակոբյանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ գյուղնախարարությունը ողջունում է Օքսֆամի հայաստանյան գրասենյակի և Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի իրականացրած համատեղ նախաձեռնությունը:
«Ստեղծեցինք մի հարթակ, որտեղ կարող ենք քննարկել հարցեր, ինչի համար պարտադիր չէ ներկայանալ գյուղատնտեսության նախարարություն և սպասել, թե երբ նախարարը ժամանակ կունենա պատասխանելու դրանց: Կարող ենք շատ օպերատիվ պատասխանել ձեր հարցերին: Բացի այդ, շատ հարմար ժամանակահատված է ընտրվել, քանի որ 2017 թվականի բյուջեն հաստատված է, բայց այսօր մենք կարող ենք քննարկել հարցեր, որոնք կներգրավվեն արդեն 2018 թվականի գյուղատնտեսության զարգացման ծրագրերում»- ասաց Առաքելյանը:
«Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոնի տնօրեն, Գյուղատնտեսական դաշինքի անդամ Սամվել Գևորգյանը նշեց, որ գյուղատնտեսության ոլորտի ամենամեծ մարտահրավերը գյուղացիական տնտեսությունները բիզնես-մոդել դարձնելն է, որտեղ չի իշխի պարզապես ապրուստ հայթայթելու միջոցը, այլ բիզնեսը՝ իր մոտեցումներով, գործիքներով և կանոններով:
«Զարգացած արտասահմանյան երկրներում գյուղատնտեսությունն առաջ է գնում միայն այդ պայմաններում, երբ ֆերմերային տնտեսությունները բիզնես-մոդել են ներդնում գյուղացիական տնտեսությունների զարգացման հեռանկարների հիմքում և ցուցաբերում են այդ ոլորտի ռազմավարական մոտեցումները»,-ասաց նա` հավելելով, որ ֆերմերների մոտ առաջին հերթին դրա համար պակասում են բիզնեսի վերաբերյալ գիտելիքները: Գևորգյանը, որպես խոչընդոտող խնդիր, առանձնացրեց նաև մտածելակերպը, որը եկել է դեռևս Խորհրդային Միության ժամանակաշրջանից: Նրա խոսքով` գյուղացիական տնտեսութ յունը պետք է դիտարկվի որպես համայնքային զարգացման ոլորտ: