Վարդան Մինասյանը հաստատվեց ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնում
СпортՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով բելգիացի Մարկ Լելևրի հեռանալուց հետո կատարում էր ՀՖՖ տեխնիկական տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները, հաստատվել է ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնում:
Վարդան Մինասյանն իրականացնելու է Հայաստանի Մ-14-ից Մ-19 հավաքականների հետ կապված աշխատանքների համակարգումը, ինչպես նաև մարզչական կրթության համակարգումը և տեխնիկական բովանդակության պատշաճ ապահովումը:
Վարդան Մինասյանի որոշմամբ՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Տիգրան Առաքելյանը, ում կօգնի Տիգրան Պետրոսյանցը: Այս մարզիչները կշարունակեն աշխատել տվյալ հավաքականի հետ նաև հաջորդ շրջափուլում, երբ թիմը կմասնակցի Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2017-2018 թ. առաջնության որակավորման փուլի հանդիպումներին: Էլիտ-ռաունդի ուղեգիր նվաճած Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արտակ Օսեյանը: Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչը կնշանակվի մոտ օրերս: