Մարտի 1-ի դեպքերի տարելիցին նվիրված հավաք-երթ անցկացվեց
ОбществоԵրևանում 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների տարելիցի կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսի և Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախաձեռնած համատեղ հիշատակի հավաք-երթն ավարտվեց Մյասնիկյանի անվան հրապարակում՝ զոհվածների հիշատակին ծաղիկների խոնարհմամբ: Երթը մեկնարկել էր Ազատության հրապարակից:
ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր ելույթում նշեց, որ 2008 թվականի մարտի 1-ին 10 հայ քաղաքացիներ զոհ գնացին ժողովրդավարության համար պայքարում: Նա հերթով թվարկեց զոհված քաղաքացիների անունները և խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:
«Անցել է ուղիղ 9 տարի և «Հայ ազգային կոնգրես» և «Հայաստանի ժողովրդավարական» կուսակցությունները նախաձեռնելու ենք և հավաքվելու ենք այնքան, քանի դեռ չեն բացահայտվի քաղաքացիների մահվան պատճառները: Շարունակելու ենք պայքարը և հասնելու ենք տեղի ունեցած դեպքերի բացահայտմանը»,- ասաց Մանուկյանը` հավելելով, որ շատ ելույթներ չեն հնչելու, իրենք կազմակերպելու են երթ, որը նախընտրական իմաստ չունի ու հայտարարեց երթի մեկնարկը:
Երթի մասնակիցներն Ազատության հրապարակից շարժվեցին դեպի Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանի առջևի հրապարակ, որտեղ Մյասնիկյանի արձանի առջև ծաղիկներ խոնարհեցին ի հիշատակ զոհվածների: Նույն վայրում զոհվածների հիշատակին ծաղիկներ խոնարհեցին նաև երթն ուղեկցող ոստիկանները:
Երթին չէր մասնակցում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: