Ժողովրդական ընդվզումը՝ որպես պայքարի ուղիղ ճանապարհ. «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր հյուրն է երաժիշտ, երգահան Եղիշե Պետրոսյանը
– Պարոն Պետրոսյան, Դուք թողեցիք արվեստագետի հանգիստ կյանքն ու մտաք քաղաքականություն: Այդպե՞ս է:
– Ոչ, այդպես չէ: Ես իմ կյանքը չեմ փոխել, էլի զբաղվում եմ իմ գործով: Բայց քանի որ պահը անդառնալիորեն վտանգավոր է, ես՝ որպես քաղաքացի, իմ ձայնն եմ բարձրացնում և փորձում եմ օգտակար լինել մեր ժողովրդին: Նաև, ինչու` ոչ, լուր տամ, որ վիճակն աղետալի է: Եթե իրադարձություններից մի քայլ առաջ եմ զգում դա, ապա ինչո՞ւ չասեմ այդ մասին, և ինչո՞ւ չպայքարեմ մեր երկրի բարօրության համար:
Ես մտադրված` քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվում, այլ ակամա` իրավիճակի պարտադրանքով:
– Իսկ ինչպե՞ս եք նայում այս ընտրություններին:
– Շատ վատ: «Ընտրությունները» մեր երկիրը բերեցին միայն հետընթացի: Ոչ միայն այս ընտրությունների մասին է խոսքը: Ընդհանրապես իրականացվող ընտրություն–միջոցառումները մեր երկիրը տարան անխնա թալանի ու հասցրեցին սնանկացման: Այսինքն` կեղծված ընտրություններով ձևավորվեցին անպիտան իշխանություններ: Կողքից էլ եվրոպական կառույցները գովաբանեցին իշխանություններին, ասացին` շատ լավ ընտրություններ եք անցկացրել և այլն, և այլն: Եվ իշխանությունները, որպեսզի պահպանեն իրենց աթոռները, թույլ տվեցին, որ մեր երկիրն անխնա թալանվի, աղքատանա: Այս վիճակը շարունակվում է արդեն 20 տարուց ավելի:
– Ո՞րն է ելքը. ի՞նչ անենք:
– Պետք է խելքի գանք: Մենք պետք է մերժենք այն ամեն վնասակարը, ինչը խանգարում է, որ մեր քաղաքացին արժանապատիվ ու արդար կյանքով ապրի իր սեփական օրրանում:
– «Հիմնադիր խորհրդարանը» ընտրությունները չի համարում երկրում իրավիճակ փոխելու գործիք: Ըստ այս կառույցի՝ իրավիճակի փոփոխության կարելի է հասնել միայն ժողովրդական ընդվզման ճանապարհով: Սա իր մեջ վտանգներ չի՞ պարունակում, թեկուզ` նախադեպի առումով: Ի վերջո, մեր երկիրը հոկտեմբերի 27 է ապրել:
– Ժողովուրդն իրավունք ունի պայքարելու թե՛ արդարության, թե՛ իր բարօրության համար: Իսկ մի քանի կեղծված ընտրությունները և արդեն անտանելի դարձած սոցիալական վիճակը ուժգնացրել են հասարակության դժգոհության ալիքը: Այսպես է` եթե քեզ զրկում են բոլոր հնարավորություններից, ուրեմն` պայքարիր քո իրավունքների համար: Այնպես որ, եթե ընտրությունը ելք չէ, ապա ուրիշ ի՞նչ ճանապարհ է մնում:
– Մնում է ժողովրդական ընդվզումը` այո՞:
– Ես կարծում եմ, որ ժողովուրդը դրա իրավունքն ունի: Ես պարզապես հարց եմ տալիս` ուրիշ ի՞նչ տարբերակով...
– Իսկ որ կարող է, այսպես ասած, սովորություն դառնալ մեր երկրի քաղաքական պատմության մե՞ջ:
մեր երկրի քաղաքական պատմության մե՞ջ:
– Ե՛ս Ձեզ հարց տամ` որպես քաղաքացի, Դուք ուրիշ ի՞նչ լուծում եք տեսնում, երբ ընտրությունների ելքը կանխորոշված է, երբ ի սկզբանե հասարակությունը պարտված է: Երբ դրանից հետո ևս հինգ տարի շարունակվելու է նույն՝ գոյատևելու անհետաքրքիր կյանքը բացարձակ մեծամասնության համար, և ընթանալու է նույն անպատիժ թալանը:
Երբ լրջորեն վտանգված է երկրի պաշտպանունակությունը, օրեցօր խոցելի է դառնում ընդհանրապես նրա անվտանգությունը: Եվ եթե գիտակցում ես այս ամենը, ապա ի՞նչ է մնում քեզ այլևս, ի՞նչ պետք է անես դու` որպես քաղաքացի:
– Իսկ ժողովրդական այդ ընդվզումը կազմակերպելու ունակ ուժ կա՞ Հայաստանում: Ի վերջո, նկատի ունենանք, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները բանտում են, «Սասնա ծռերը» բանտում են…
– Եվ էլի մեր ժողովրդի շատ արժանավոր զավակներ կան բանտերում: Մենք մի քանի տասնյակ քաղաքական հալածյալներ ունենք բանտերում: Բայց, ի՞նչ է, մեր ժողովրդի արգանդն արդեն չորացե՞լ է. այդքանով ավարտվե՞ց:
Իշխանությունները վաղուց չափ ու սահմանն անցել են: Այս աստիճան արհամարհա՞նք այս ժողովրդի նկատմամբ… ես վատ կանխազգացում ունեմ:
Ժողովուրդն այս ամենը հանդուրժում էր, երբ դեռ ինչ–որ կերպ կարողանում էր իր սոցիալական խնդիրները քչից–շատից լուծել: Իսկ դա բերեց նրան, որ իշխանություններն իրենց համարեցին անփոխարինելի և անցան արդեն շատ ավելի հախուռն թալանի: Օրինակ, հենց հիմա ակնհայտ թալան է ընթանում. ժողովուրդը բողոքում է, որ հավելագրումներ են արվում հոսանքի ու գազի վարձավճարների վրա: Փաստորեն մարդիկ իրենց վերջին կոպեկն են տալիս, պարտք են անում, որ կոմունալ ծախսերը վճարեն: Եվ` ի՞նչ. այս ամենը պետք է հանդուրժի՞ ժողովուրդը: Եվ հանուն ինչի՞ հանդուրժի:
– Բայց կարծեք թե հանդուրժում է: Ի դեպ, պատմաբանները հավաստում են, որ մեր ժողովուրդը սոցիալական հարցերի համար երբեք փողոց դուրս չի գալիս: Ա՛յ, եթե ազգային հարցեր լինի, խնդրեմ` դուրս կգա:
– Բայց նաև ազգային հարց է այս ամենը: Եթե վաղն այլևս զինվոր չենք ունենալու արտագաղթի պատճառով: Եթե չենք կարողանում հեռացած մարդկանց երկիր վերադարձնել:
Համոզված եմ, սրտացավ մարդիկ կգտնեն ելքն այս ամենից: Որովհետև սրանք արդեն ազգային անվտանգության խնդիրներ են: Երկիրը դատարկ է և սնանկ է: Մի փոքր էլ` և այլևս ունակ չենք լինի դիմակայել ոչ միայն ներքին, այլև արտաքին մարտահրավերներին:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: