Հայաստանի առողջապահական համակարգում 2017թվականին նախատեսվում է շուրջ 26 մլրդ դրամի ներդրում
ОбществоԱռողջապահական համակարգում 2017թվականին նախատեսվում է շուրջ 26 մլրդ ՀՀ դրամի ներդրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի» շրջանակում 2017թ. նախատեսվում է բնակչության ռիսկային խմբերում իրականացնել ևս 500 հազար հետազոտություն, որի համար կներդրվի 365 մլն դրամ։
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից 2017 թվականին իրականացվող դրամաշնորհային ծրագիրը միտված է ՀՀ պատվաստումների ազգային օրացույցում սեզոնային գրիպի պատվաստումների կիրառման ընդլայնմանը։ Նախատեսվում են սարքավորումների ձեռքբերում, պատվաստանյութերի էլեկտրոնային գրանցամատյանի ներդրում, բուժաշխատողների դասընթացներ, բնակչության իրազեկում և այլ աշխատանքներ։
Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված համաձայնագրով 2017թ. շարունակվում են Սևանի բժշկական կենտրոնի կառուցման և Արտաշատի հիվանդանոցի վերանորոգման աշխատանքները։ Համաշխարհային բանկի վարկային միջոցներով և ՀՀ կառավարության մասնակցությամբ կիրականացվեն 837 մլն ՀՀ դրամի շինարարական աշխատանքներ։ Եվս 860մլն ՀՀ դրամ կներդրվի պետական բյուջեի միջոցներով կառուցվող Վանաձորի բժշկական կենտրոնի համար ժամանակակից սարքավորումների, բժշկական պարագաների և կահույքի ձեռքբերման համար։
2017 թվականին ներդրումներ կկատարվեն նաև առանձին բժշկական կազմակերպություններում։ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում Ավստրիական բանկի 3,3 մլրդ ՀՀ դրամի վարկային ծրագրով նորագույն սարքավորումներով կհամալրվեն գործող ծառայությունները, կհիմնադրվի սրտաբանական նոր ծառայություն, որպեսզի կենտրոնում ապահովվի սրտանոթային խնդիրների բարձրակարգ ախտորոշման և բուժման ամբողջ շղթան։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը վճարովի ծառայություններից գոյացած մոտ 700մլն ՀՀ դրամ կներդնի շուրջ 30 անուն ժամանակակից սարքավորումներ ձեռքբերելու և նոր ծառայություններ կազմակերպելու նպատակով։
«Արաբկիր» բժշկական համալիրի հիմնական բաժնետիրոջ` մասնավոր հատվածի, 423մլն ՀՀ դրամի ներդրումային ծրագրով նախատեսվում է նոր մասնաշենքի և Սևանի առողջարանի կառուցում և սարքավորումների ձեռքբերում։
2017 թվականին Շվեյցարիայի Իզմիրլյան ֆոնդի 770մլն ՀՀ դրամի ներդրումով Իզմիրլյան բժշկական կենտրոնում ստեղծվող փոքր ինվազիվ կարդիովիրաբուժության և առիթմալոգիայի բաժանմունքը կհագեցվի ժամանակակից սարքավորումներով: Իսկ վերանորոգման, գույքի և մահճակալների ձեռքբերման համար կենտրոնն իր միջոցներից կհատկացնի 100 միլիոն դրամ:
Ընթացիկ տարում նոր ծառայությունների ստեղծման, վերազինման, վերանորոգման նպատակով լուրջ ներդրումներ են նախատեսվում նաև «Աստղիկ», «Էրեբունի», «Սլավմեդ», «Շենգավիթ», «Սուրբ Աստվածամայր», «Արմամաքս», «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոններում, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում» և այլ բժշկական կազմակերպություններում, այդ թվում` մարզերում։ Դրանց թիվը հասնում է շուրջ 75-ի։