Զորիկ Զոհրաբյան. «Եթե ինչ–որ մեկը կուզենա իրան թեժ դրսևորի, ես իրան կխնդրեմ թեժությունը թողնի իրենց տանը կամ աֆրիկական որևէ երկրում». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
Տևական դադարից հետո քաղաքականություն վերադարձած ու «Ծառուկյան» դաշինքով թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն) առաջադրված Զորիկ Զոհրաբյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, որ թիվ 2 ընտրատարածքը «աֆրիկյան երկիր չի», որ թեկնածուները թեժ մարտեր մղեն, իսկ Արաբկիրում, ըստ նրա, այսօր խաղաղ է, թեկնածուների շտաբների միջև խնդիր չկա:
Ներկայացնում ենք Զորիկ Զոհրաբյանի հետ «Փաստի» զրույցը:
– Պարոն Զոհրաբյան, քաղաքականության մեջ տևական դադարից հետո Դուք առաջադրվել եք թիվ 2 ընտրատարածքում, որտեղ բավական թեժ է, անգամ ՀՀԿ–ականներն են իրար բախվում: Ինչպե՞ս եք պատկերացնում մրցակցությունը:
– Ամեն տեղ էլ կարա թեժ լինի, բայց դա ի՞նչ ա փոխելու: Ես դատավոր չեմ, որ դատեմ, ժողովուրդը կարա գնահատական տա: Ժողովուրդը շատ լավ գիտի՝ ես ով եմ, էն մյուսը ով ա: Մենք ոչ մեկի հետ խնդիր չունենք: Մենք ի՞նչ ունենք ինչ–որ մեկի հետ վիճվելու: Եթե ինչ– որ մեկը կուզենա իրան թեժ դրսևորի, ես իրան կխնդրեմ թեժությունը թողնի մի կողմ՝ իրենց տանը կամ աֆրիկական որևէ երկրում: Այսօր Արաբկիրում ես ու «Ծառուկյան» դաշինքը 23 գործող գրասենյակ ունենք, և էս պահին որևէ մի խնդիր չունենք: Պաշտոնական քարոզարշավի մեկնարկից հետո մենք հասցեները բոլորին կտանք ու բնակչության հետ կաշխատենք: Չեմ էլ ուզում անգամ լսեմ՝ ով ինչ ա անում: Եթե մի մարդ կամ մարդկանց խումբ պիտի անի վատ արարք, թող առաջինը մտածի, որ դա ինքն իրան ա անում էդ վատ արարքը: Որովհետև կյանքը բումերանգ ա, Աստվածաշնչում էլ ա գրված՝ մի արա այն, ինչ որ չես ուզենա քեզ անեն:
– Դուք տևական ժամանակ քաղաքականության մեջ չեք, Ձեր վերադարձը պայմանավորված է պատգամավոր դառնալու մղումո՞վ:
– Միայն նրանով, որ ուզում եմ ժողովրդի վիճակը լավանա: Դրա համար պետք ա լինես էն թիմի մեջ, որը գնում ա լավ, բարի ծրագրեր իրագործելու:
– Ասել է թե՝ բարի գործեր անելու մղումո՞վ էր պայմանավորված Ձեր վերադարձը ԲՀԿ:
– Եվ ոչ միայն դրանով: Եթե հետ գնանք՝ գիտենք ինչ եղավ փետրվարի 14–ին, հիմա հաշվենք ապրիլի 2–ը փետրվարի 14–ն է, ժողովուրդն ուզում է փոփոխություններ` առանց արյունահեղության, առանց զոհերի: Ոչ մի բան, բացի ժողովրդի վիճակը վատանալուց, չի փոխվել: Ես միշտ գիշեր–ցերեկ իմ ժողովրդի կողքին եմ և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես, և՛ նյութապես, ինչքան որ կարողանում եմ:
– Իսկ այս ընթացքում, որ քաղաքականության մեջ չկայիք, ինչո՞վ էիք զբաղվում:
– Բիզնեսով` դրսում: Խոշոր ծրագրեր ունեմ, որը իրագործման փուլում ա հիմա, ու որը շատ լուրջ դիվիդենտներ կարա բերի մեր երկրին: Ուզում եմ վստահեցնել, որ ամեն ինչ շատ լավ ա լինելու: Ես անելու եմ իմ ժողովրդի համար, իմ երկրի համար, որովհետև ամբողջ կյանքում ես էդպես եմ նայել, որ Հայաստանի Հանրապետությունը դա իմ ծնողն, իսկ ՀՀ ժողովուրդը` իմ երեխաները:
– Նախորդ անգամ Դուք ՀՀԿ–ից էիք ընտրվել պատգամավոր: Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հաղթանակը ԲՀԿ–ի շարքերում, քանի որ նախորդ անգամ իշխանական «դաբրո» եք ունեցել:
– Ես ոչ մի «դաբրո» չեմ ունեցել: Շատ դժվար է եղել ՀՀԿ–ի ժամանակ էլ, որովհետև ժամանակը գնում է, բայց բարքերը չեն փոխվում: Ես անկուսակցական եմ եղել ՀՀԿ խմբակցությունում: Մեծամասնական ընտրակարգով եմ ընտրվել իմ ուժերով, իմ ապրած կյանքով, իհարկե ինձ օգնել են: Իսկ էսօր ընկնելու եմ դռնեդուռ, անելու եմ էն, ինչ–որ արել եմ ամբողջ կյանքս, փորձելու եմ մարդկանց համոզել, հավատքի բերել, որ մարդիկ գան, ներդրումներ անեն, աշխատեն: Թող բարձր խոսքեր չթվա, անելու եմ էն, ինչ–որ արեցին Իսրայել Օրին ու Խրիմյան Հայրիկը: Իհարկե, մենք դա օրենքի ուժով կամրագրենք, որվհետև էստեղ ինչ ուզում ես, արա, եթե օրենքը չի գործում, ոչ մի բան չի ստացվի: Էսօր ես դրսից ուզենամ ներդրում անեմ, ծաղիկ տնկեմ փողոցում, ինձ չեն թողնի, կասեն` ո՞վ ես դու, ինչի՞ ես ուզում ծաղիկ տնկես մեր փողոցում: Եթե դու օրենքի ուժով ես էդ ամեն ինչը ամրագրում, քո մոտ ավելի հեշտ ա ստացվում դա:
Էսօր օրվա հացի խնդիր կա, մարդն էսօր չի կարողանում իրա երեխեքի օրվա հացի խնդիրը լուծել, ուսման վարձը մուծել: «Ծառուկյան» դաշինքի ծրագիրը՝ 15 համառոտ կետերը դա են վկայում, թե ինչ պիտի անենք, որ շատ արագ մարդկանց սոցիալական վիճակը լավանա: Մենք պետք է էդ պրոբլեմների լուծման ձևն առաջարկենք և փորձենք լուծել, շատ արագ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: