«Մի տարակուսեք, եթե կաշառք են տալիս` վերցրեք, բայց գնացեք քվեարկեք ըստ ձեր ցանկության. նորմալ երևույթ է». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը
– Պարոն Ադիբեկյան, ձեր հետազոտություններն ի՞նչ են ցույց տալիս. ժողովուրդը գիտակցո՞ւմ է, թե ինչ ընտրությունների է մասնակցելու: Որ սա այլևս խորհրդարանի նախկին ընտրությունները չեն, որ ունեն համապետական առաջնային նշանակություն:
– Ընտրությունների ժամկետի մասին, այսինքն` որ այն տեղի է ունենալու ապրիլի 2–ին, տեղյակ է ակտիվ ընտրողների 80%–ը: Նրանցից 12%–ը գիտեն ընտրության կարգի մասին: Տեղյակ են, որ պետք է ընտրեն երկու ընտրակարգով` ընտրեն կուսակցություններին և ռեյտինգային ցուցակով առաջադրված առանձին պատգամավորների: 63%–ը գիտի, որ փոխվում է երկրի իշխանության ձևը. երկիրն անցնում է կառավարման խորհրդարանական համակարգի:
Ընդհանուր առմամբ 44%–ը կամ մոտավորապես կարող ենք ասել ընտրողների կեսը գիտի, թե այս Ազգային Ժողովի ընտրություններն ինչպիսի փոխոխություններ են բերելու երկրում: Մնացած կեսը չգիտի կամ եթե գիտի, ապա` շատ աղոտ: Հուսանք, որ կտեղեկացվեն քարոզարշավի ժամանակ: Կամ էլ այդ մասին կիմանան արդեն տեղամասում, երբ կգնան ընտրելու:
– Այս ընտրություններում ի՞նչը, ինչպիսի՞ ռեսուրս առավել դեր կխաղա:
– «Նախապատվությունն ո՞ւմ կտաք», հարցին տվել են այսպիսի պատասխաններ: Առաջին տեղը զբաղեցնում է պատգամավորի կրթությունը, երկրորդը նրա հեղինակավոր լինելը, երրորդը` նա լինի հասուն տարիքի, ապա` ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ: Իշխանականին այնքան չեն սիրում: Կարևորվում է նաև տեղացի լինելը: Եվ լինի արական սեռի ներկայացուցիչ:
Իսկ ձայն տալու առումով պատկերն այսպիսին է` 1–1,3%–ը կվաճառի իր ձայնը: Մի 10%–ն էլ կընտրի իրենց սոցիալական հարցերը լուծելու դիմաց: Սա, ինչպես տեսնում ենք, անում է առավելագույնը 12%: Իսկ քվեարկողների մնացած 88%–ը քվեարկելու է ըստ իր քաղաքական նախապատվության:
– Լա՛վ է, վատ չէ:
– Այո, իհարկե: Հասունանում ենք: Ընտրությունից ընտրություն հասունանում ենք:
– Իսկ նույն առումով ինչպե՞ս էր պատկերը նախորդ ընտրությունների ժամանակ:
– Մոտավորապես նույնն էր: Պարզապես այն ժամանակ աղքատների թվաքանակը մեծ էր: Հիմա մի քիչ կրճատվել է գոնե իրեն աղքատ համարողների թիվը: Դրա համար էլ կաշառքն այդքան մեծ դեր չի խաղում:
Ուղղակի այն ժամանակ քաղաքականությամբ չէին հետաքրքրվում 18%–ը: Իսկ հիմա այս թիվը 36–ն է: Սակայն ընտրարշավը առջևում է, ու դեռ մարդկանց կակտիվացնեն:
– Իսկ փորձե՞լ եք պարզել` շա՞տ են նրանք, որ պատրաստ են վերցնել ընտրակաշառքը, բայց քվեարկել ըստ իրենց նախասիրության:
– Մի բավականին լուրջ դեմք, որը զբաղվում է հենց այդ գործով, ինձ ասաց` մի ընտրատեղամասում 10 հազար մարդու վճարել ենք, բայց թերթիկները հանելուց հետո տեսանք, որ ընդամենը 1000–ն են մեր օգտին քվեարկել: Այսինքն` միայն տաս տոկոսն է իր խոստումը կատարել: Սա եղել է նախորդ ընտրությունների ժամանակ: Եվ այս մարդն ասում էր` եթե տասից մեկը գոնե մեր օգտին ձայն է տալիս, մենք գոհ ենք լինում:
Դրա համար եմ ես ասում` եթե կաշառք են տալիս` վերցրեք, բայց գնացեք քվեարկեք ըստ ձեր ցանկության: Եվ մի տարակուսեք. նորմալ երևույթ է:
– Ըստ ձեզ, ինչպե՞ս կբաշխվեն ձայները:
– Դեռ շուտ է դրա մասին խոսելը: Ընդամենն ասեմ, որ քվեարկությանը մասնակցողների 43 տոկոսը գիտի, թե ում է ձայն տալու: Իսկ եթե հայտնի լիներ գոնե 60–65 տոկոսի որոշումը, արդեն կարող էինք որոշակի ճշտությամբ ասել, թե ձայներն ինչպես կբաշխվեն:
– Հաջորդ ուսումնասիրությունները ե՞րբ եք պատրաստվում կատարել:
– Ամսի 9–ին, 10–ին, 11–ին կմտնենք դաշտ: Իսկ 12–ին, 13–ին կունենանք տվյալները:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: