ԿԳ նախարարը Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկել է դրամաշնորհային ծրագրերը
ОбществоՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը` կրթության ծրագրերի պատասխանատու, Կրթության բարելավման ծրագրի իրականացնող թիմի համաղեկավար Նինո Կուտալաձեի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին Լեւոն Մկրտչյանը նշել է, որ կրթության ոլորտում Համաշխարհային բանկի հետ ունեցած համագործակցության արդյունքում մեր երկրում իրականացվել են համակարգային կարեւոր փոփոխություններ` հանրակրթությունից մինչեւ բուհական համակարգ: Հանդիպման առանցքում եղել է ՀԲ-ի կողմից հաստատված նոր դրամաշնորհային ծրագրի իրականացման մանրամասները: Հայաստանին տրամադրվող 340 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհի հիմնական իրականացնողը Գնահատման եւ թեստավորման կենտրոնն է:
Դրամաշնորհը 2 բաղադրիչ ունի` ավարտական միասնական քննություններում համակարգչային մեթոդների ներդրում. որպես փորձնական ծրագիր ընտրվել է «Ինֆորմատիկա եւ ՏՀՏ» առարկան եւ երկրորդ` բուհական համակարգում ներդնել մագիստրոսական նոր կրթական ծրագիր` գնահատման համակարգի, թեսթավորման եւ ուսումնական այլ բաղադրիչների վերաբերյալ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ ՀԲ-ի կողմից ակնկալվող դրամաշնորհային նոր ծրագրին: Նախատեսվում է, որ այն կուղղվի դպրոցական համակարգի արդյունավետության ուսումնասիրմանը, որի արդյունքում կմշակվի ծրագիր դպրոցական շենքերի օգտագործման արդյունավետության բարձրացման ուղղությամբ: