Մանթաշյանցի կյանքին և ժամանակին նվիրված ցուցադրությունում ներկայացված են ութ տարում հավաքված փաստաթղթեր
Культура«Գործարարի օրվա» և մեծ բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 175-ամյակի կապակցւթյամբ` մարտի 3-ին Գեղագիտության ազգային կենտրոնում բացվեց «Մանթաշյանցի ժամանակը, հայ գործարարի կյանքը 19-20-րդ դարերում» ժամանակավոր ցուցադրությունը:
«Հայոց ցեղասպանության թանգարանի հավաքածուից ներկայացնում ենք նմուշներ, որոնք երբևէ չեն ցուցադրվել: Այս նյութերը հավաքվել են ութը տարվա ընթացքում: Ավելի քան հիսուն ցուցանմուշ մեզ է հասել գործարար Բարսեղ Բեգլարյանի աջակցությամբ»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Ներկայացված էին նավթային ընկերության, առևտրական բանկի տարբեր արժեթղթեր, բնօրինակ լուսանկարներ, Բաքվում Մանթաշյանցի գործարանի հրդեհը, նրա խանութը, հայ վաճառականին տրված առաջին դասի փաստաթուղթը, հայ վաճառականի համար նախատեսված ուղեցույցներ, գունազարդ նկարներ և այլ նմուշներ:
Հայկ Դեմոյանի խոսքով` Ալեքսանդր Մանթաշյանցը բացառիկ անձ էր, որը գործունեություն է ծավալել ինչպես Կովկասում, այնպես էլ Եվրոպայում:
«Խորհրդային Միության տարիներին Բաքվում, Թիֆլիսում և այլ քաղաքներում փորձեցին վերացնել այդ մեծ բարերարի թողած ժառանգությունը: Ոչնչացվեց նաև նրա գերեզմանը, սակայն Թիֆլիսում այսօր «Մանթաշյանցի շարքեր» շինություն կա, որը շատ գեղեցիկ է և զարդարում է քաղաքը»,-ասաց Դեմոյանը: