«Հայաստան» հիմնադրամն Արցախի տուժած բնակավայրերի վերականգման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ է տանում
ОбществоԱրցախում նախատեսված 30 առանձնատնից 9-ն արդեն կառուցվել է: Արմենպրեսի հետ զրույցում այս մասին հայտնեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Գրիգորյանը:
«Ապրիլյան պատերազմի օրերին մի շարք արտահերթ դրամահավաքներ կազմակերպվեցին: Ֆրանսիան եւ Բրազիլիան աջակցություն ցուցաբերեցին՝ դեղամիջոցներ տրամադրելով. Արցախի կառավարության հետ նույնպես քննարկումներ անցկացվեցին, եւ նշեց, որ հատկապես դեղամիջոցների կարիք կար: Լոս Անջելեսում արտահերթ դրամահավաք կազմակերպվեց, որի գումարներն ուղղվեցին Արցախին: Այսօր էլ Արցախում բնակավայրերի, տների վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում, քանի որ ապրիլից հետո կային բավականին տուժած բնակավայրեր: Դրան զուգահեռ տներ են կառուցվում բազմ ազավակ ընտանիքների համար, մանկապարտեզներ, համայնքային կենտրոններ, որոնք արդեն 14-ն են, եւ դեռ մեկ տասնյակն ընթացքի մեջ է»,-ասաց Հասմիկ Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ իր գոյության 25 տարում հիմնադրամը մշտապես աշխատել է աջակցել հրատապ լուծում պահանջող հարցերի կարգավորմանը:
«1992 թվականից ի վեր՝ մեր երկիրը դժվարությունների առաջ է կանգնած եղել, եւ ստեղծման առաջին իսկ պահից հիմնադրամը սատար է կանգնել երկրին: Ի սկզբանե հիմնադրամը հումանիտար ծրագրեր է իրականացրել, քանի որ Արցախյան պատերազմով, երկրաշարժով, տնտեսական դժվարություններով պայմանավորված՝ երկիրը գտնվում էր սոցիալական ծանր վիճակում: Առաջին խոշոր ծրագիրը, որ իրականացրինք, կոչվում էր «Ձմեռ», որի շրջանակում մարդկանց վառելիք եւ առաջին անհրաժեշտության պարագաներ տրամադրվեցին: Տարբեր ծրագրեր են իրականացվել թե Հայաստանում, թե Արցախում, եւ մենք չենք տարանջատում Արցախը Հայաստանից, քանի որ դա մենք կոչում ենք հայրենիք»,-եզրափակեց հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի պետը: