Ադրբեջանի ադվակատ հանդիսացող՝ Ղազախստանի նախագահը
Международные новостиՀոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվեց Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն այդ օրը խոսեց ինչ-որ փոխզիջումների մասին: Նա ասել էր. «Հաջողվել է փոխզիջման հասնել նրբանկատություն պահանջող այն հարցում, թե որ սահմաններով է Հայաստանն անդամակցելու: Այդ հարցն արդեն հանված է»:
Լուրեր.com-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ երբ ԵՏՄ պայմանագիրը կգա խորհրդարան՝ վավերացման, այդ հարցն անպայման կբարձրացվի:
«Ես չգիտեմ, թե ինչ նկատի ունի Ադրբեջանի «ադվակատ» հանդիսացող՝ Ղազախստանի նախագահը: Երբ ԵՏՄ պայմանագիրը կգա խորհրդարան՝ վավերացման, ես, կարծում եմ, մենք հիմնական զեկուցողին կուղղենք նաև այդ բոլոր հարցերը՝ ինչ փոխզիջման մասին է խոսքը: Համենայն դեպս, հայկական կողմը միանշանակ վստահեցնում է, որ Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսակետ չի դրվելու, թե ինչ այլ փոխզիջման հարթության մասին խոսեց Նազարբաևը, կարծում եմ՝ մեր ներկայացուցիչները, ովքեր կներկայացնեն պայմանագիրը, խորհրդարանում հույս ունեմ կպատասխանեն»,- ասաց նա: