Հենրիխ Մխիթարյանի վերադարձը սպասվում է «Չելսիի» դեմ խաղում
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերադարձը խաղադաշտ ակնկալում է Լոնդոնի «Չելսիի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում, որը տեղի կունենա մարտի 13-ին, հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
28-ամյա հայ ֆուտբոլիստը մկանային վնասվածք էր ստացել ֆրանսիական «Սենթ Էթյենի» դեմ Եվրոպայի լիգայի խաղում: Մխիթարյանը չի մասնակցի «Բորնմութի» դեմ Անգլիայի առաջնության 27-րդ տուրի հանդիպմանը, որը մարտի 4-ին է:
«Մխիթարյանը դեռ խաղից դուրս է: Նա չի հասցրել վերականգնվել այս խաղին: Հավատում եմ, որ հաջորդ շաբաթ նա կլինի հրաշալի վիճակում «Ստեմֆորդ Բրիջ» մեկնելուն ընդառաջ, եւ մենք չենք ունենա խնդիրներ»,- ասել է Մոուրինյոն:
Մխիթարյանը չի մասնակցի նաեւ մարտի 9-ին Ռուսաստանում կայանալիք Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի «Ռոստով» - «Մանչեսթեր Յունայթեդ» առաջին հանդիպմանը: