Նոր սակագներով «Կավկազ–Փոթի» լաստանավով փոխադրված առաջին բեռները հասել են Երևան. «Փաստ»
Экономика«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս ՀԿԵ–ով (Հարավկովկասյան երկաթուղով) Երևան հասան «Կավկազ–Փոթի» միջազգային երկաթուղալաստանավային ճանապարհով փոխադրված հայկական առաջին բեռները:
Հիշեցնենք, որ բեռների տեղափոխման սակագնի իջեցումը հնարավոր է դարձել Հարավկովկասյան երկաթուղու կողմից նշված լաստանավի վրա տեղեր գնելու, բեռնափոխադրումների գործընթացը հեշտացնելու և սակագների օպտիմալացման շնորհիվ: Այսպիսով՝ դեպի Հայաստան և Հայաստանից դեպի այլ վայրեր լաստանավով փոխադրման մեկ վագոնի սակագինը, ըստ կազմակերպիչների, կկրճատվի միջինում 2 հազար դոլարով:
ՀԿԵ ֆիրմային տրանսպորտային ճանապարհային կենտրոնի պետ Դմիտրի Գվոզդևը վստահեցնում է, որ այս ուղղությամբ աշխատանքները շարունակական են լինելու և այս պահին ընկերությունն ակտիվ բանակցում է ինչպես ռուսական, այնպես էլ վրացական երկաթուղային ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Բանակցությունների արդյունքում օրերս հաջողվել է հայկական բեռների համար վրացական երկաթուղու սակագները նվազեցնել միջինում 30%–ով, որը կազմում է մոտ 500 դոլար:
Ստացվում է, որ թե՛ նման զեղչերը և թե՛ նոր հնարավորությունները թույլ կտան գործարարներին օգտվել մրցակցային սակագներից և ներկայիս Վերին Լարսին այլընտրանքային երթուղիով տնտեսել ինչպես ժամանակը, այնպես էլ ֆինանսները:
«Առաջարկը գործարարների շրջանում մեծ ուշադրության է արժանացել և այժմ երկաթուղին բանակցություններ է վարում շուրջ 200 հայկական և վրացական ընկերությունների հետ»,– ասաց Դ. Գվոզդևը:
Մասնագետի կանխատեսումներով, անկախ եղանակային պայմաններից անխափան գործող այս երթուղու հարմարավետությունը և ճկուն սակագները թույլ կտան, որ լաստանավով տեղափոխվող բեռներն ավելի ապահով Հայաստան հասցնեն:
Ի դեպ, հիշեցնենք, որ նախնական տվյալներով «Կավկազ–Փոթի» հաղորդակցությունում լաստանավային փոխադրումները պետք է մեկնարկեին փետրվարի 10–ից, ամիսը երեք անգամ: ՀԿԵ–ից «Փաստին» տեղեկացրին, որ դրանք, ինչպես և հայտարարվել էր, կանոնավոր կերպով իրականացվում են:
Պարզվում է, որ երկաթուղալաստանավային ճանապարհով բեռների փոխադրումը ևս մեկ առավելություն էլ ունի՝ չի պահանջում բեռների լրացուցիչ վերաբեռնում, իսկ կյանքի կոչված նոր նախագիծը թույլ կտա կրճատել նաև ապրանքների վերջնական արժեքը:
Հենց սա էլ ամենաուրախալի լուրն է թե՛ հայկական սպառողի և թե՛ տեղական արտադրողների համար, որին, եթե անկեղծ, ապա երկար էին սպասել բոլորը:
Ի դեպ, «Փաստի» հարցին, թե այս ճանապարհով որքան է բեռի տեղափոխման վրա ծախսվող ժամանակը, ՀԿԵ մամուլի խոսնակ Վարդան Ալոյանն ասաց, որ Մոսկվայից Երևան և հակառակ ուղղությամբ բեռ տեղափոխելու համար միջինը 17 օր կպահանջվի: Ու թեև այն մոտ երկու անգամ ավելի է, քան Վերին Լարսով տեղափոխելու ժամանակ է անհրաժեշտ, սակայն այս դեպքում ռիսկերը բավականին քիչ են:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: