Ալիկ Սարգսյանի վարորդի մասնակցությամբ ծեծկռտուքն ու կրակոցները աղջկա պատճառո՞վ են եղել
ОбществоNews.am-ը գրում է.
Հանրապետական կուսակցության Արարատի տարածքային կառույցի պատասխանատու, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը NEWS.am-ի հետ զրույցում պնդել է, որ այսօր՝ մարտի 4-ին, Արտաշատում ՀՀԿ գրասենյակի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքը միջանձնային հարցերի պատճառով է եղել, ոչ թե ընտրական թեմաների։
Նշենք, որ տարածված տեղեկությունների համաձայն՝ այսօր Արտաշատի ՀՀԿ գրասենյակի տարածքում միմյանց ծեծել են ՀՀԿ-ից առաջադրված թեկնածուներ՝ Ալիկ Սարգսյանի եւ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի կողմնակիցները։ Ծեծկռտուքի ժամանակ հնչել են նաեւ կրակոցներ։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ վեճը եղել է միմյանցից ձայներ խլելու պատճառով, սակայն Ալիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում իրեն հայտնի դարձած այլ մանրամասներ է ներկայացրել։
Ըստ նախկին ոստիկանապետի՝ վիճաբանությունը տեղի է ունեցել իր վարորդի որդու՝ Լյուդվիգի եւ վերջինիս ծանոթի միջեւ։ Լյուդվիգը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել հակառակորդի հետ այն պատճառով, որ վերջինս անհանգստացնում է իր բարեկամուհուն։ Հակառակորդը այսօր եկել է ՀՀԿ գրասենյակ եւ հանդիպել Լյուդվիգին, որը հորը տեսնելու նպատակով այցելել է ՀՀԿ գրասենյակ։ Նրանք հենց գրասենյակի հարեւանությամբ էլ հաշվեհարդարը շարունակել են, որն ուղեկցվել է կրակոցներով։ Տեղի ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր եւ մյուս կողմին բերման ենթարկել։ Ոստիկանությունից դեռեւս չեն հայտնում բերման ենթարկվածի ինքնությունը, ոչ էլ կրակոցների մասին։
Ալիկ Սարգսյանն ասաց, որ իր տեղեկություններով՝ գազային ատրճանակ է եղել, իսկ բերման ենթարկվածը իր վարորդի որդին չէ։
Թե մյուս կողմը, ինչ կապ ունի Ալիկ Սարգսյանի մրցակից Արայիկ Գրիգորյանի հետ, Սարգսյանը հավաստիացրեց, թե դեռ չի պարզել։
«Ես, իրոք, չգիտեմ, հավատացեք։ ես նույնիսկ չգիտեմ՝ էդ տղան կա ընտրական պրոցեսների մեջ, թե ոչ»,- հավաստիացրել է Ալիկ Սարգսյանը։