Աշոտ Բարսեղյան. Փառք Աստծո՝ կարողացանք գտնել Յուսպաշյանի նման ֆուտբոլիստի
СпортՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրում «Գանձասար-Կապանը» Ավանի ակադեմիայի արհեստական խոտածածկով դաշտում հյուրընկալեց Երևանի «Փյունիկին» և երկու անպատասխան գնդակ ուղարկեց վերջինիս դարպասը:
Հանդիպումից հետո լրագրողների հարցերին պատասխանեց կապանյան թիմի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը.
«Երկրորդ շրջանի առաջին խաղն էր, ցանկանում եմ միանգամից շնորհավորել «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստներին, ղեկավարությանն ու մեր երկրպագուներին լավ խաղի և հաղթանակի համար: Թիմի մոտ այսօր տրամադրվածությունը շատ բարձր մակարդակի վրա էր: Կենտրոնացումը բարձր էր: Մինչև վերջին րոպեն տղաները կարողացան ճիշտ խաղալ և կատարել մեր հրահանգները, ինչի համար շնորհակալ եմ նրանց: Հանդերձարանում էլ իրենց ասացի՝ գրեթե անթերի հանդիպում էր:
Կցանկանամ շնորհակալություն հայտնել նաև «Փյունիկին» լավ խաղի համար, բոլորս էլ տեսանք, որ այս թիմը շատ լավ խաղաց: Գիտեինք՝ ում հետ ենք խաղում: Շնորհակալություն լավ, կոռեկտ խաղի համար»;
- Երկրորդ խաղակեսում թիմն ավելի խորքից էր գործում: Դա Ձեր կողմից առաջադրա՞նք էր, թե՞՝ մրցակցի ճնշման արդյունքն էր:
- Ընդմիջմանը հանդերձարանում տղաների հետ զրուցելիս նրանց ասացի, որ պետք է շարունակեն խաղալ այնպես, ինչպես՝ առաջին կեսում: Մենք խորքից խաղալու տրամադրվածություն չենք ունեցել, բայց որքան էլ՝ մենք խոսում ենք, կարծում եմ՝ հաշիվն իրենն ասում է: Ես չէի ցանկանում շատ միջամտել, քանի որ տեսնում էի, որ չնայած մի քիչ խորքից էին խաղում, բայց՝ շատ կարգապահ: Բնական է՝ հակահարձակումների միջոցով էինք ցանկանում շարունակել խաղը: Ամեն դեպքում, ես նույն կերպ խաղը շարունակելու հրահանգ էի տվել:
- Արթուր Յուսպաշյանի նորամուտի խաղն ինչպե՞ս կգնահատեք:
- Նա մեր թիմի համար շատ-շատ կարևոր մարդ է: Նախորդ խաղերի ընթացքում միշտ այդ դիրքի համար խնդիր ենք ունեցել: Ինձ պետք էր այսպիսի ֆուտբոլիստ: Փառք Աստծո՝ կարողացանք գտնել Յուսպաշյանի նման ֆուտբոլիտի, որը մեծ ծավալի աշխատանք է կատարում և արեց այն, ինչ նրանից պահանջվում էր: Մենք պետք է կարողանայինք շատ լավ համագործակցել մեջտեղում: Մենք կարող էինք կարճ և միջին փոխանցումներով ավելի ագրեսիվ ֆուտբոլ խաղալ, բայց ինչ-որ տեղ մրցակիցը մեզ դա թույլ չտվեց: «Փյունիկը» մնում է «Փյունիկ»: Երիտասարդ , ագրեսիվ տղաներ են:
Բայց մենք դա կարողանում էինք անել, ճիշտ է՝ հավաքների ընթացքում մի քանի պարտություն կրեցինք, բայց ուժեղ թիմերի հետ խաղերում վերահսկում էինք գնդակը: Յուսպաշյանն ինձ համար շատ կարևոր ֆուտբոլիստ է, և նորից կրկնեմ՝ շատ ուրախ եմ, որ նա ամալրեց մեր շարքերը:
- Ինչպես հայտնի է, տնային խաղերը չեք անցկացնի Կապանում: Ըստ Ձեզ, դա ի՞նչ ազդեցություն կունենա թիմի վրա:
- Շատ վատ է դա: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Կապանում խաղալը «Գանձասարի» համար միշտ առավելություն է եղել: Անգամ նայելով վիճակագրությանը՝ տեսնում ենք, որ այնտեղ ավելի շատ հաղթանակներ ենք տարել: Իհարկե, ես շատ կցանկանայի, որ մեր խաղերը խաղայինք Կապանում, բայց դժբախտաբար ՀՖՖ-ն որոշեց, որ Կապանի դաշտը պատրաստ չէ մրցելույթներ անցկացնելու համար: Որոշումը ֆեդերացիայինն էր, և հիմա մենք պետք է հետևություններ անենք, և կարգավորենք մարզադաշտը, որպեսզի նորից կարողանանք տնային խաղերն անցկացնել Կապանում: