Խաղի կանոններ են սահմանվել, որոնք թույլ են տալիս անել որոշակի մանիպուլյացիաներ. «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր հյուրն է քաղաքական վերլուծաբան, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը
– Պարոն Հակոբյան, այս բախումները, որ տեղի են ունենում պատգամավորական թեկնածուների միջև, ինչպե՞ս կանդրադառնան ընտրությունների ընթացքի վրա:
– Ես չեմ կարծում, թե նախորդ ընտրություններն ավելի ստերիլ են եղել: Եղել են բախումներ, դանակահարություններ և նման կարգի այլ բաներ:
Իսկ այս անգամ այս ամենի նախադրյալները ներդրված են հենց Ընտրական օրենսգրքի մեջ` ռեյտինգային ընտրական համակարգում: Այս համակարգը նախատեսում է, որ գլադիատորական մարտեր են տեղի ունենալու թեկնածուների միջև: Ընդ որում, ոչ միայն տարբեր կուսակցությունների թեկնածուների միջև, այլ նաև հենց առաջին հերթին նույն կուսակցության ներսում:
Որովհետև ինչ էլ ուզում ես պայմանավորվել, միևնույնն է, մրցակցությունը մնում է մրցակցություն: Եվ նույն ընտրատարածքի պատգամավորության թեկնածուներն առաջին հերթին հակառակորդներ են:
Բանն այն է, որ ընտրական նման համակարգը կարող է գործել, օրինակ, Շվեյցարիայի պես երկրում, որտեղ թե՛ քաղաքական դաշտում, թե՛ միջանձնային հարաբերություններում բոլորովին այլ մշակույթ է գործում: Եվ որտեղ մանդատը կյանքի գին չունի:
Իսկ Հայաստանում նման համակարգ ներդնելը, կարծում եմ, բնավ արդարացված չէ: Որովհետև դժվար չէր հաշվարկել, որ եթե նույն ընտրատարածքում կամ նույն մարզում յուրաքանչյուր կուսակցությունից մի քանի թեկնածու ես դնում, կլինեն նման կոնֆլիկտային դեպքեր: Նամանավանդ եթե գիտես, թե ինչպիսի կոնտինգենտ ես պատգամավորության թեկնածու առաջադրում:
Եվ այսպիսի իրավիճակը, բնականաբար, լարում կառաջացնի մթնոլորտի մեջ: Համակարգն էլ ճիշտ է դուրս գալիս այնքանով, որ ամենքը լարված աշխատում են, աշխատում են և պայքարում են միմյանց դեմ, իսկ վերջում հաղթում է տվյալ կուսակցությունը: Որովհետև յուրաքանչյուր ձայն գնում է վերջինիս: Այս առումով վերջնական արդյունքի տեսակետից բավականին աշխատող տեխնոլոգիա է: Իհարկե, կուսակցության համար:
– Իսկ գաղափարական պայքարի համար մի տեղ, մի հատված այնուամենայնիվ մնո՞ւմ է այս ընտրություններում: Թե ամեն տեղ թելադրողը ուժն է, ընտրակաշառքն է:
– Իհարկե, չեմ կարծում, որ ռեյտինգային ցուցակով ընտրապայքարի մեջ մտնողների մոտ լինելու է գաղափարական պայքար: Բայց մյուս` համամասնական համակարգի պարագայում գաղափարական պայքար կլինի: Ես կարծում եմ, որ կան քաղաքական ուժեր, որ վարում են գաղափարական պայքար: Թեկուզ այն ուժերը, որոնք փորձում են իրենց դիրքավորել սեփական աշխարհաքաղաքական հայացքների համաձայն: Օրինակ, կան մեկ–երկու արևմտամետ ուժեր: Ընդգծված արևմտամետ է «Ազատ դեմոկրատների» ցուցակը: Այս մարդկանց գաղափարական անկյունաքարը հենց դա է` ԵՏՄ–ից դուրս գալ ու Եվրամիության անդամ դառնալ:
Նույնն էլ կարելի է ասել «Ելք»–ի մասին: Այս ուժն էլ ունի իր աշխարհաքաղաքական գերակա ուղղությունը:
Կամ Կոնգրես–ՀԺԿ դաշինքի խաղաղասիրական մոտեցումները նույնպես գաղափարախոսություն է:
Իսկ մյուս քաղաքական ուժերի մոտ, չեմ կարծում, որ այս ընտրությունների հիմքում լայն առումով գաղափարախոսությունն է դրված: Հատկապես նրանց մոտ, ովքեր նախընտրել են դաշինքային ձևաչափը, առավելապես խնդիր է եղել իրականացնել մինիմում ծրագիրը, այսինքն` հաղթահարել անցողիկ շեմը և մտնել խորհրդարան: Որովհետև միայն սեփական ռեսուրսներով դա չէին կարող անել:
– Իսկ ընտրողի համար ո՞րը նախընտրելի կլինի. առավել կգնա ռեյտինգայի՞ն ցուցակով առաջադրվող պատգամավորի հետևից, թե՞ նախապատվությունը կտա գաղափարներին:
– Ցավոք ցրտի, վախենում եմ, որ ավելի շատ գնան ռեյտինգայինի հետևից: Չնայած, իհարկե, կան մարդիկ, որոնց համար կարևորը կլինեն գաղափարները: Մանավանդ նրանց, ովքեր նախապատվությունը տալիս են արևմտյան կամ լիբերալ արժեքներին: Կամ կլինեն նաև ՀԱԿ–ի գաղափարների կողմնակիցներ:
Բայց չեմ կարծում, որ մեր երկրում գաղափարախոսությունը նախընտրող մարդիկ շատ լինեն:
Ընդհանուր առմամբ նախապատվությունը տրվելու է ռեյտինգայինին: Իսկ ձայն տալ ռեյտինգային թեկնածուին, նշանակում է մեխանիկորեն ձայն տալ տվյալ կուսակցությանը: Խաղի կանոններ են սահմանվել, որոնք թույլ են տալիս անել որոշակի մանիպուլյացիաներ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: