Բասկետբոլի ազգային թիմի նոր մարզիչը փորձառու մասնագետ է. Արա Պողոսյան
СпортՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը մեծ հույսեր է կապում ազգային թիմի նոր մարզչի հետ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Պողոսյանը խոսեց նախկին և ներկա մարզչից, ինչպես նաև անդրադարձավ մարզչի թեկնածուներին:
-Պարոն Պողոսյան, ինչո՞ւ Տիգրան Գյոկչյանը չշարունակեց աշխատանքը ազգային թիմի հետ:
-Չշարունակեց, քանի որ նա պետք է իր ակումբային հարցերը լուծեր հաջորդ մրցաշրջանի համար: Ինքը որոշեց, որ հավաքականի աշխատանքը կարող էր խանգարել ակումբի հետ պայմանագիր կնքելուն: Ամռանը հավաքներ ունենք, և նա չէր կարող 2 ամիս տրամադրել հավաքականին: Մենք նորմալ փոխհարաբերություններ ունենք Գյոկչյանի հետ: Հնարավոր է, որ ապագայում նա կրկին հավաքականի հետ լինի:
-Ի՞նչ մասնագետներ կային մարզչի պաշտոնի թեկնածուների շարքում:
-Մենք շատ թեկնածուներ ունեինք: Մեզ համար գլխավոր թեկնածուն Ռեքս Կալամյանն էր NBA-ից: Նա ցանկություն հայտնեց աշխատել հավաքականի հետ, նույնիսկ պաշտոնական առաջարկ էինք ուղարկել նրան: Նա պատրաստ էր աշխատել, բայց NBA-ն չթողեց նրան: Չթողեցին, քանի որ NBA-ն բրենդ է, և նրանք համարեցին, որ պետք է աշխատել հավաքականի հետ: Ռեքս Կալամյանը մեզ կօգնի կազմակերպչական և մարզչական, տեխնիկական հարցերում: Ուրիշ հայազգի թեկնածուներ ևս կային:
-Ի՞նչ կասեք Նիկշա Բավցևիչի մասին:
-Երկար բանակցություններից հետո համաձայնության եկանք նրա հետ: Մեզ համար կարևոր էր գնային-ֆինանսական հարցը: Պետք էր մեկը, ով ջանք չէր խնայի, և մեծ ծախսերի խնդիրներ չէին առաջանա: Մենք հարուստ ֆեդերացիա չենք, և հիմա էլ հովանավորների կարիք ունենք: Եթե գտնվեն մարդիկ, ովքեր կարողանան աջակցել մեզ, միայն ուրախ կլինենք համագործակցել: Մենք զգացինք, որ Նիկշա Բավցևիչն ունի հայկական մտածելակերպ, կարող է աշխատել թիմերի հետ, որոնք աստղային կազմեր չունեն, բայց կարող է թիմը մարտունակ դարձնել: Նա փորձառու մասնագետ է: Նա աշխատել է թե երիտասարդների, թե մեծահ ասակների թիմերի հետ: Աշխատանքային փորձ է ձեռք բերել նաև արտասահմանում: Իսկ հիմա աշխատում է Շվեյցարիայի թիմերից մեկում և վերջերս էլ հաղթանակ է տոնել գավաթի խաղարկությունում: Նա ներկայացնում է խորվաթական մարզչական դպրոցը, որը հայտնի է Եվրոպայում:
-Որքանո՞վ է ծանոթ հավաքականին:
-Որոշ խաղացողների նա գիտի, ոմանց հետ աշխատել է տարբեր թիմերում: Նրա հետ շփում կա ամեն օր, և նա էլ կապ է հաստատել խաղացողների հետ: