Կայացել են ԵՄ բյուջետային աջակցության համաձայնագրերի շրջանակներում վերստուգող հանձնաժողովների նիստերը
ЭкономикаԵրևանում մարտի 6-ից 7-ը կայացել են ԵՄ բյուջետային աջակցության մի քանի համաձայնագրերի շրջանակներում վերստուգող հանձնաժողովների նիստեր:
Մասնավորապես` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել «Աջակցություն ՀՀ կառավարությանը՝ ուղղված Եվրոպական հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագրի իրականացմանը - փուլ II» և «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» ԵՄ բյուջետային աջակցության համաձայնագրերի հանձնաժողովների նիստերը, որոնք հայկական կողմից համանախագահում էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, իսկ եվրոպական կողմից` Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով Գլխավոր տնօրինության ներկայացուցիչ Վասիլիս Մարագոսը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից :
Կայացել են նաև «Աջակցություն գյուղատնտեսությանը և գյուղի զարգացմանը» և «Հայաստանում պետական ֆինանսների քաղաքականության բարեփոխումների ծրագիր» ԵՄ բյուջետային աջակցության ծրագրերի վերստուգող հանձնաժողովների նիստեր:
Վերստուգող հանձնաժողովների նիստերի ընթացքում քննարկվել են վերոնշյալ համաձայնագրերի իրականացման ընթացքը և համաձայնագրերի շրջանակներում իրականացվող ոլորտային բարեփոխումները: Քննարկվել են նաև 2017-2020 թթ Եվրոպական Միության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող աջակցությանն առնչվող հարցեր։