Ռուսական կենտրոնը Հոլոքոստի թեմայով մրցույթում կներառի նաև Հայոց ցեղասպանությունը
Международные новостиՌուսաստանում գործող «Հոլոքոստ» կենտրոնը աշակերտների և ուսանողների շրջանում Հոլոքոստի թեմայով անցկացվող մրցույթում կներառի Հայոց ցեղասպանության թեման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կայացած միջոցառման ժամանակ լրագրողներ ի հետ զրույցում հայտնեց Հոլոքոստի կենտրոնի համանախագահ Իլյա Ալտմանը:
«15 տարի է, որ աշակերտների և ուսանողների շրջանում իրականացնում ենք մրցույթ Հոլոքոստի թեմայով: Երեկ ինձ ցույց են տվել հայ երեխաների հիանալի նկարները, որոնք Հոլոքոստի թեմայով են արվել: Կարծում եմ, որ նմանատիպ նկարներ կլինեն նաև Հայոց ցեղասպանության թեմայով: Հետագայում մեր մրցույթում, որը մենք հայտարարում ենք նոյեմբերի մեկին, կլինի հատուկ ուղղություն' «Հոլոքոստն ու Հայոց ցեղասպանությունը. ընդհանուրն ու առանձնահատուկը»»,-ասաց Իլյա Ալտմանը:
Նրա տեղեկացմամբ' դա թույլ կտա, որ հայ դպրոցականները ևս մասնակցեն իրենց կենտրոնի կողմից կազմակերպող գիտաժողովներին, որոնք անցկացնում են Մոսկվայում: «Հայկական համալսարանների ուսանողներն էլ հնարավորություն կունենան մեկնել Փարիզ և ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր շտաբում ներկայացնել երիտասարդության դիրքորոշումները, մտքերը»,-նշեց նա:
Իլյա Ալտմանը հույս հայտնեց, որ հայ ուսուցիչներն էլ ավելի քան 40 երկրների դասավանդողներին կմիանան ու կմեկնեն Իսրայել' մասնակցելու հատուկ նրանց համար կազմակերպվող սեմիաներին: «Որպեսզի ցեղասպանության թեման դասավանդեն, պետք է ուսուցիչներին պատրաստել դա անելու համար»,-ավելացրեց նա:
Հոլոքոստը մոտ 6 միլիոն հրեաների, նաև միլիոնավոր գնչուների, լեհերի ծրագրված կոտորածներն էին նացիստների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։
Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ բնակչության կոտորածներ էին: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ., իսկ մնացածները' կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են աշխարհի երկու տասնյակից ավելի պետություններ, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, հեղինակավոր այլ կազմակերպություններ: