«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ հուշագրով Հայաստանում կզարգացնեն հասարակագիտության դասավանդումը
ОбществоՀՀ կրթության և գիտության նախարարության և «Կոնրադ Ադեանուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի միջև ստորագրվել է կրթության ոլորտում համագործակցության մասին հուշագիր։ Արմենպրեսի հաղորդմամբ՝ հուշագիրը մարտի 10-ին ստորագրել են ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Թոմաս Շրապելին։& nbsp;
«Մենք սկսում ենք մի գործընթաց, որն ուղղված է «Հասարակագիտություն» առարկայի զարգացմանը։ Հուշագրով մենք նախատեսում ենք աշխատել առարկայական ծրագրի զարգացման ուղղությամբ»,- ասաց Դավիթ Սահակյանը։ Նպատակ կա «հասարակագիտություն» առարկայի և մասնավորապես կրթության բաղադրիչի զարգացման միջոցով հնարավոր դարձնել երկրում ավելի ակտիվ քաղաքացիների ձևավորումը։
Շրապելին էլ ավելացրեց, որ իրենք շատ են կարևորում քաղաքացիական կրթությունը։
«Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որտեղ կառավարության հետ, ի դեմ կրթության և գիտության նախարարության, մեզ հնարավորություն ընձեռվեց ստորագրել հուշագիր։ Դրա շրջանակներում մենք կկարողանանք իրագործել մեր ծրագիրը»,- նշեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրենը։
Հուշագրի համաձայն «Կոնրադ Ադենուեր» հիմնադրամը տրամադրելու է ֆինանսական աջակցություն։ Բացի այդ, ԿԳ նախարարությունը և հիմնադրամը դիմել են Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնին՝ ապահովելու համապատասխան որակավորում ունեցող մասնագետների ներգրավվածություն և դասավանդման գործընթացի կազմակերպում, իրականացնելու ԿԳ նախարարության կողմից ընտրված երեք ավագ դպրոցում դասավանդվող «Հասարակագիտություն» առարկայի կատարելագործման, ուսուցիչների վերապատրաստման գործընթացը: ԿԳ նախարարությունը նախատեսված աջակցության իրականացման համար «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամին և ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնին կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն, կապահովի համագործակցությունը ընտրված երեք ավագ դպրոցների հետ: