Հայաստանը և Արցախը հանձնառու են միջազգային մարդասիրական իրավունքին. Էդվարդ Նալբանդյանը`դիվերսանտների դիակները վերադարձնելու մասին
ОбществоՀայաստանը և Արցախը մշտապես հանձնառու են միջազգային մարդասիրական իրավունքին, կոնվենցիաներին, դրանցից բխող պարտավորություններին, որոնցից մեկը զոհվածների դիերի վերադարձն է: Մարտի 10-ին Երևանում Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Հայաստ անը վերադարձնում ադրբեջանական կողմի դիվերսիոն փորձերի արդյունքում սահմանից այս կողմ հայտնված ադրբեջանցի զինվորների դիակները, երբ վերջիններս այդպես չեն վարվում: «Մենք չենք կարող իջնել Ադրբեջանի մակարդակին: Դավանած արժեքներով, մարդասիրությամբ է, որ քաղաքակիրթ աշխարհը տարբերվում է Ադրբեջանից, մի երկրից, որտեղ դիվերսանտները, մարդասպանները, դահիճները հռչակվում են ազգային հերոսներ: Թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը մշտապես հանձնառու են միջազգային մարդասիրական իրավունքին, կոնվենցիաներին, դրանցից բխող պարտավորություններին, որոնցից մեկը զոհվածների դիերի վերադարձն է: Պետք է մարդ մնալ, երբ հակառակորդ անգամ իրեն մարդավարի չի պահում: Սա է այն մեծ տարբերությունը, որ կա Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- Արմենպրեսի հաղորդմամբ` ասաց ՀՀ ԱԳ նախարարը:
Լրագրողներից մեկը ՀՀ ԱԳ նախարարին խնդրեց մեկնաբանել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի խոսքերը, ով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ առանձին հանդիպումից հետո ասել էր, թե երկու-երեք կոնկրետ թեմաներ կան, որոնք առանցքային են, քննարկվում են:
Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, թե պետք է նախ համեմատել ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հայտարարությունները ու պարզ կլինի, թե ինչքանով են դրանք միմյանցից տարբերվում: «Ադրբեջանական կողմը մեկ կետի կամ երկու կետի մասին է խոսում՝ ձևացնելով, թե դրա մասին է խոսքը: Տարիներ շարունակ ասվել է, որ սկզբունքները, որոնք մշակվել են եռանախագահների կողմից, գտնվում են բանակցային սեղանին, մշակվել են որպես մեկ ամբողջություն, դրանք չի կարելի անջատել միմյանցից: Այս ամենի վերաբերյալ հայտարարություններ են եղել համանախագահների մակարդակով, մենք ասել ենք, որ դրանք համահունչ են մեր մոտեցումներին, մենք պատրաստ ենք դրանց հիման վրա գնալ կարգավորմանը»,- շեշտեց ՀՀ ԱԳ նախարարը:
Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ ՀՀ մոտեցումը համահունչ է միջազգային հանրության մոտեցմանը և Հայաստանը չէ, որ հետ է կանգնում համաձայնությունները կատարելուց, այլ՝ Ադրբեջանը: Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը հետ կանգնեց վստահության մեխանիզմները ամրապնդելու համաձայնություններից, որոնք կայացվեցին Վիեննայում, ապա վերահաստատվեցին Սանկտ Պետերբուրգում:
Հարցին՝ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ ՌԴ-ն նոր նախաձեռնությամբ է հանդես եկել, Նալբանդյանը պատասխանեց, որ եթե նման բան լինի, իրենք գաղտնի չեն պահի դա հանրությունից:
Նալբանդյանը նորից շեշտեց, թե ադրբեջանական կողմը պետք է պատրաստ լինի բանակցություններին, ոչ թե ձևացնի, որ պատրաստ է, այնինչ իրականության մեջ շանտաժի լեզվով խոսի: «Իրենք իրենց փակուղի են մտցրել: Հանրության առջև արդարանում են, թե ինչ-որ հարցերում նույն մոտեցումներն ունեն, ինչ միջազգային հանրությունը: Իրականությունն այլ է»,- եզրափակեց Էդվարդ Նալբանդյանը: