Հայաստան ներմուծված մարդատար մեքենաների քանակն ավելացել է, իսկ մաքսային արժեքը` նվազել
Экономика2016 թվականի ընթացքում Հայաստան է ներկրվել 33 հազար հատ մարդատար ավտոմեքենա: Ըստ ՀՀ մաքսային ծառայության հրապարակած տվյալների՝ 2015 թվականի ընթացքում Հայաստան է ներմուծվել 27,3 հազար հատ մարդատար մեքենա, ինչը նշանակում է, որ 2016 թվականին նախորդ տարվա համեմատ ներկրված մեքենաների թիվն ավելացել է 5.7 հազարով:
2015 թվականի ընթացքում ներկրված 27,3 հազար հատ մարդատար մեքենաների մաքսային արժեքը կազմել է 133 մլն 421 հազար ԱՄՆ դոլար: 2016 թվականին 33 հազար հատ մարդատար ավտոմեքենայի մաքսային արժեքը կազմել է 130 մլն 601 հազար ԱՄՆ դոլար: 2016 թվականին ներկրված մարդատար ավտոմեքենաների մաքսային արժեքը 2015թվականի համեմատ նվազել է 2 մլն 821հազար ԱՄՆ դոլարով, կամ 2,1 տոկոսով:
Ստացվում է, որ չնայած 2016 թվականին ներկրված մեքենաների քանակը 2015-ի համեմատ աճել է, իսկ գումարային առումով` նվազել:
Եթե միջինացնենք 2015-ին ներմուծված 1 մարդատար մեքենայի մաքսային արժեքը, ապա կստանանք, որ այն կազմել է 4 հազար 890 դոլար, իսկ 2016-ին՝ 3 հազար 960 դոլար:
ՀՀ մաքսային ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2016-ին Հայաստան է ներկրվել նաև 25 մլն 714,7 հազար դոլար մաքսային արժեքով 1.8 հազար հատ բեռնատար: 2015-ին ներկրվել էր 2 հազար հատ բեռնատար՝ 24 մլն 870,2 հազար դոլար ընդհանուր արժեքով: Այս պարագայում պատկերը հակառակն է` 2016-ին ներկրվող բեռնատար մեքենաների քանակը 2015 թվականի համեմատ նվազել է 200-ով, իսկ մաքսային արժեքն ավելացել է 844,5 հազար դոլարով: