Հայկական մշակույթի օր խորագրով միջոցառում է կայացել Հռոմում
КультураՀռոմի Վալիչելիանա գրադարանում մարտի 9-ին կայացավ Հայկական մշակույթի օր խորագրով միջոցառում, որը կազմակերպվել էր Իտալիայում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ և Վալիչելիանա գրադարանի, «Ալբատրոս» մշակութային ընկերակցության ու «Կոլումբիա» զբոսաշրջային գործակալության հետ համագործակցությամբ: Միջոցառումը կազմված էր երկու բաժնից՝ համաժողով և գեղարվեստական մաս: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, Իտալիայի մշակույթի նախարարի տեղակալ Անտիմո Չեզարոն և Վալիչելիանա գրադարանի տնօրեն և համաժողովի մոդերատոր Պաոլա Պաեզանոն:
Դեսպան Բաղդասարյանը հակիրճ ներկայացրեց հայ ժողովրդի պատմությունը և ստեղծած հարուստ մշակութային ժառանգությունը, Հայաստանի անկախության տարիների ձեռքբերումները, Իտալիայում հայերի դարավոր ներկայությունը և Իտալիայի տնտեսական ու մշակութային կյանքի զարգացման գործում նրանց ունեցած ավանդը:
Խոսելով երկու երկրների հարաբերությունների մասին՝ դեսպանն ընդգծեց, որ մարտի 17-ին կլրանա Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը՝ միաժամանակ նշելով, որ երկու ժողովուրդների կապերն ու համագործակցությունը հազարամյակների պատմություն ունեն: Դեսպանը նաև տեղեկացրեց, որ մայիսի 9-ին Հռոմում կանցկացվի Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը:
Իտալիայի մշակույթի փոխնախարարն իր հերթին բարձր գնահատեց երկու երկրների միջև մշակութային համագործակցության մակարդակը: Նա անդրադարձավ Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստին և Հայաստանում Իտալիայի կառավարության աջակցությամբ մշակութային ժառանգության վերականգնման տարածաշրջանային կենտրոնի ստեղծման ծրագրին՝ դրանք գնահատելով որպես երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը նպաստող կարևոր գործոններ: Անտիմո Չեզարոն խոսեց նաև հայ ժողովրդի ստեղծած մշակութային արժեքների, ազգերի պատմական հիշողության պահպանման հարցում մշակույթի դերի և կարևորության մասին:
Կոնֆերանսի բանախոսներն էին Հռոմի Լա Սապիենցա համալսարանի սոցիոլոգ Մարիա Իմմակոլատա Մաչիոտին, Բոլոնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Աննա Սիրինյանը, լրագրող Կլաուդիա Սուգլիանոն, գրող և գրականագետ Մագդա Վիջիլանտեն, Սանտա Չեչիլիա ազգային կոնսերվատորիայի պրոֆեսոր Կառլա Կոնտին, «Ալբատրոս» մշակութային ընկերակցութան տնօրեն Ագոստինո Բանյատոն և լրագրող Սոնյա Օրֆալյանը:
Բանախոսներն իրենց զեկույցներում խոսեցին հայկական հարուստ մշակույթի տարբեր ուղղությունների՝ գրականության, երաժշտության, ճարտարապետության, ձեռագիր մատյանների, հայոց լեզվի ու այբուբենի, հայկական պատմամշակութային հուշարձանների մասին: Անդրադարձան հայկական խոհանոցի առանձնահատկություններին, 20-րդ դարասկզբին Իտալիայում ապաստանած հայ բանաստեղծ Հրանտ Նազարյանի գործունեությանը, հայկական ժամանակակից մշակույթին:
Համաժողովին ընթերցվեց Մատենադարանի գիտաշխատող Արա Խզմալյանի զեկույցը՝ Մատենադարանի ստեղծման ու գործունեության, այնտեղ պահվող ձեռագրերի մասին:
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց «Ալբատրոս» մշակութային ընկերակցութան տնօրեն Ագոստինո Բանյատոյի նկարահանած «Հայաստանը մեր մեջ» փաստագրական ֆիլմը, որը ներկայացնում է Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը, տեսարժան վայրերն ու բնապատկերները:
Ցուցահանդեսից հետո հայ և իտալացի երաժիշտների կատարմամբ հնչեցին հայ կոմպոզիտորների դասական և ժողովրդական ստեղծագործություններ, ընթերցվեցին Հրանտ Նազարյանի բանաստեղծությունները:
Հայկական մշակույթին նվիրված օրը եզրափակվեց հայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսով։