Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Տեղ գյուղի նորաբաց «Արմաթ» ինժեներական լաբորատորիա
ОбществоՄարտի 10-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) եւ «Գորմետալ» ընկերության աջակցությամբ Սյունիքի մարզի Տեղ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում բացվել է անվճար հիմունքներով գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:
Նորաբաց «Արմաթ» լաբորատորիա է այցելել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը վարչապետին ներկայացրել է Միության կողմից իրականացվող կրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագրի նպատակներն ու հնարավորությունները: Կարեն Կարապետյանը իր հերթին կարեւորել է տեխնոլոգիական կրթության շարունակական զարգացումը մեր երկրում եւ ընդգծել, որ Հայաստանի համար տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կարող է դառնալ տնտեսության առաջընթացի շարժիչ ուժ:
Հարկ է նշել, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում տեխնոլոգիական անվճար կրթություն կստանան ինչպես Տեղ գյուղի, այնպես էլ հարակից բնակավայրերի դպրոցականները: Եռաչափ տպիչով, համակարգիչներով եւ ռոբոտաշինության հավաքածուներով կահավորված ժամանակակից այս լաբորատորիայում աշակերտները կսովորեն ծրագրավորման եւ ռոբոտաշինության հիմունքներ:
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները արտաժամյա դասընթացներից բացի կմասնակցեն նաեւ մի շարք խրախուսական միջոցառումների (Ամառային տեխնոլոգիական եւ «ԴիջիՔեմփ» ինովացիոն ճամբարներ, «ԴիջիԿոդ» ծրագրավորման պատանեկան մրցույթ, «Ական փնտրող ռոբոտներ» եւ «Անօդաչու թռչող սարքերի» մրցույթներ, «Բաց խաղ» առաջնություն եւ այլն), որտեղ վերջիններս կկիրառեն իրենց ձեռք բերած հմտությունները ու կընդգրկվեն ավելի լայն եւ ստեղծագործական միջավայրի մեջ, կծանոթանան մյուս դպրոցների խմբակների աշակերտների հետ եւ այլն:
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաները, որոնք մարզային հավասարաչափ զարգացման նպատակով առաջնահերթ հիմնվում են մարզերում, գործում են ՀՀ-ի (ներառյալ Արցախի) շուրջ 200 դպրոցներում: «Արմաթ»-ում այժմ սովորում են ավելի քան 5000 դպրոցականներ: ԻՏՁՄ ծրագրում է, որպեսզի տեխնոլոգիական կրթության հավասար պայմաններ ստեղծվեն բոլոր երեխաների համար եւ նման լաբորատորիաներ հիմնվեն բոլոր դպրոցներում:
Հավելենք, որ «Արմաթ» խմբակ-լաբորատորիաներն արժանացել են երկու՝ «Կայուն զարգացման» եւ «Տեխնոլոգիական կրթության լավագույն մատակարարի» միջազգային մրցանակների: