«Ամեն ինչին հասել եմ զրոյից ու լավ գիտեմ, որ անհնարին ոչինչ չկա». Գագիկ Ծառուկյան
ОбществоԱյսօր Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում «Ծառուկյան դաշինքի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, հանդիպելով տեղաբակների հետ, ասաց. «Երբ տեսնում եմ, որ բոլորի վիճակը վատ է, երկրում իրավիճակը օր օրի վատանում է, ես չեմ կարող ձեռքերս ծալած նստել: Պետական պաշտոն չեմ ունեցել, որևէ մենաշնորհ չունեմ, ամեն ինչին հասել եմ զրոյից ու լավ գիտեմ, որ անհնարին ոչինչ չկա: Հավատացեք` ամեն ինչ հնարավոր է, ուղղակի պետք է հավատալ, չհիասթափվել ու ճիշտ ընտրություն կատարել»,-ասաց նա:
Անդրադառնալով տվյալ մարզին՝ Ծառուկյանն ասաց, որ հնարավորություն պետք է տրվի գործարաններին ու արտադրություններին նորից վերագործարկվել, որպեսզի մարդիկ աշխատատեղ ունենան, ինչպես եղել է խորհրդային տարիներին: Առանց դրա գործազրկությունը ավելանալու է, մարդիկ էլ երկրից հեռանալու են:
«Եթե մեզ հնարավորություն տաք` այդ բոլոր հարցերը կարգավորելու ենք. մեր 15 առաջնահերթ կետերը այդ ամենի պատասխանները տալիս են: Կարևոր է, որ երկիր ներդրում մտնի. մի ճանապարհ պակաս կառուցենք, մի քանի ճոխ միջոցառում քիչ անենք, բայց այդ գումարները ավելի կարևոր բաների ուղղվեն, մարդկանց հոգսը թեթևացնեն»,- ասաց նա:

Գագիկ Ծառուկյանը նաև մատնանշեց արտահանման խթանումը, ինչը հատկապես կարևոր է մարզերի համար. «Մարդը ողորմություն չի ուզում, ուզում է աշխատել ու ոտքի կանգնել: Պետք է այդ հնարավորությունը տրվի, բայց օրենքները դա թույլ չեն տալիս: Ուրեմն պետք է համակարգ փոխել, և մենք պատրաստ ենք դրան»,- հավաստիացրեց Ծառուկյանը:
ԲՀԿ առաջնորդը շեշտեց, որ քիչ ասում են, շատ անում, և անցած ուղին դրա վառ վկայությունն է. «Ես երբեք չեմ կորցնի այն հարգանքն ու սերը, որ ունեմ ժողովրդի կողմից: Մարդ պետք է ժողովրդի օրհնանքը ստանա»:
Սոսե Չանդոյան