Հայկական երիտասարդական ֆեդերացիան կոչ է արել բոյկոտել «Օսմանյան լեյտենանտ» ֆիլմը
КультураՀայկական երիտասարդական ֆեդերացիայի ԱՄՆ արևմտյան թևը կոչ է արել իր անդամներին բոյկոտել «Օսմանյան լեյտենանտ» ֆիլմը, քանի որ այն ժխտում է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին հայտնում է ամերիկյան FresnoBee-ն:
Մարտի 11-ից ցուցադրության դուրս եկած ֆիլմը պատմում է Առաջին համաշխարհային պատերազմի շեմին Օսմանյան կայսրությունում բնակվող մի զույգի մասին: Միացյալ Նահանգների արևմտյան շրջանի Հայկական երիտասարդական ֆեդերացիան իր հայտարարության մեջ նշել է, որ ֆիլմը ներկայացնում է տիրող ժամանակաշրջանը «լավ պատմական ռևիզիոնիզմի միջոցով», որը ցեղասպանությունը փոխակերպում է «երկկողմ» հակամարտության:
Հայկական երիտասարդական ֆեդերացիայի անդամները նշել են, որ ֆիլմի հեղինակները չեզոք դիրքորոշում ունեն ցեղասպանության վերաբերյալ: Սակայն հայտարարության մեջ ասվում է, որ «անհնար է լինել չեզոք ցեղասպանության հարցում, և դա անելու փորձը աջակցում է թուրքական կառավարության ժամանակակից քարոզչությանը»: