Գյումրու դրամատիկական թատրոնը վերանորոգվում է
Культура Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում վերանորոգման աշխատանքներ են ընթանում:
Վերջին անգամ թատրոնում նորոգվել էր «Լինսի» հիմնադրամի ծրագրով, և վերջին տարիներին վերանորոգման աշխատանքների անհրաժեշտությունը խիստ էր զգացվում:
Այս մասին «Արմենպրես»-ին ասաց թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը՝ փաստելով, որ աշխատանքներն իրականացվում են հիմնականում թատրոնի միջոցների հաշվին: «Հարդասենյակները թատրոնի արտիստական կազմին վայել չէին, և առաջինն, ինչից սկսեցինք, դրանց վերանորոգումն էր»,- նշեց Տիգրան Վիրաբյանը՝ հավաստելով, որ ավելի քան 150 տարվա պատմություն ունեցող Գյումրու դրամատիկականի հարդասենյակները ժամանակակից տեսքի են բերվելու: Տվյալ հարդասենյակներն այսուհետև ծառայելու են միայն ու միայն թատրոնի արտիստական կազմին, իսÕ ¯ տարբեր հյուրախաղերի ու կազմակերպությունների միջոցառումների համար կլինի առանձին հարմարավետ հարդասենյակ: «Մինչ այս տարբեր միջոցառումների ժամանակ օգտագործվում էին մեր արտիստների հարդասենյակները, ինչը ճիշտ չէր: Հրավիրյալ կոլեկտիվների համար առանձին մեծ հարդասենյակ ենք պատրաստում: Այսպիսով, մեր արտիստների համար վայել պայմաններ ենք ստեղծում»,- հավելեց թատրոնի տնօրենը:
Անդրադառնալով ֆինանսական միջոցներին՝ տնօրենը փաստեց, որ աշխատանքները հիմնականում իրականացվում են թատրոնի միջոցների հաշվին: «Ի ուրախություն մեզ, թատրոնը նախկինում ամսական 8-ի փոխարեն հիմա 18-19 ներկայացում է խաղում, և մուտք արվող գումարները, բնականաբար, հնարավորություն են տալիս վերանորոգման աշխատանքներ իրականացնել և շենքը բերել ներկայանալի տեսքի»,- ավելացրեց Վիրաբյանը:
Թատրոնն ունի հիմնական մուտքերի արդիականացման խնդիր. անհրաժեշտ են անվտանգության համակարգեր, անցակետեր՝ մուտքի քարտերով: Սա ևս առաջիկա ծրագրերում է: «Պետք է կարողանանք թատրոնը հետաքրքիր դարձնել ոչ միայն ներկայացումների մակարդակով, այլ նաև շենքային պայմաններով: Նախատեսում ենք թատրոնի ստեղծագործական կոլեկտիվի համար ստեղծել նաև հանգստի ու ժամանցի մեծ անկյուն, կլինի բաց գրադարան՝ հագեցված ինտերնետով, հեռուստացույցով, կլինեն հյուրասենյակ, քննարկումների սենյակ, սննդի կետ»:- Նշեց Տիգրան Վիրաբյանը՝ հավելելով, որ կարգի կբերվի նաև շենքի լուսային համակարգը: «Թատրոնը հիմա սպասարկում ենք 60-ական թվականների լուսատեխնիկական միջոցներով, որոնց լամպերն արդեն արտադրությունից դուրս են եկել, և դրանք փչանալու դեպքում ստիպված ենք լինում փոխել ամբողջ լուսարձակը: Մենք վստահ ենք, որ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ 2017-2018 թվականներին այդ խնդիրն էլ կկարողանանք լուծել»,- ավելացրեց Տիգրան Վիրաբյանը:
Արմենուհի Մխոյան