Հիմա դու այստեղից գնում ես ԿԸՀ՝ Տիգրան Մուկուչյանի մոտ. Գագիկ Ծառուկյան
Общество«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի շրջանակներում այսօր եղավ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, որտեղ նրան դիմավորեցին աղ ու հացով, բուռն ծափողջույններով: Հանդիպման ավարտին Գ. Ծառուկյանին մոտեցավ մի կին՝ խնդրանքով, սակայն դաշինքի առաջնորդը նրան ուղղորդեց դեպի ԿԸՀ:

«Լսի ինչ եմ ասում այսքանի ներկայությամբ, հիմա դու ստեղից գնում ես ԿԸՀ՝ Տիգրան Մուկուչյանի մոտ ու ասում ես՝ պարոն Մուկուչյան, տղաս այս վիճակում է: Դիմեցի Ծառուկյանին, իսկ ինքն ասեց, որ Դուք թույլ չեք տալիս, որ Ծառուկյանն այդ երեխային օգնի, քանի որ Դուք դա համարում եք ընտրակաշառք: Հենց հիմա էրեխուդ վերցրու ու գնա, ասա եթե Դուք թույլ տաք ինքն անմիջապես հարցը կլուծի: Հենց ինքը թղթի վրա գրեց ու դու եկար, ես խնդիրը կլուծեմ»,- ասաց Գագիկ Ծառուկյանը՝ հանձնարարելով գործող պատգամավոր, նաեւ թեկնածու Լյովա Խաչատրյանին զբաղվել հարցով եւ ԿԸՀ նախագահի համապատասխան գրավոր թույլտվության դեպքում՝ աջակցել կնոջը: