Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրի երկրորդ փուլին ՀՀ մասնակցությունը կլինի ավելի ընդգրկուն
ОбществоՍևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության գործողությունների ծրագրի երկրորդ շրջափուլին ուղղված 54 մլն եվրո բյուջեն ծրագրի մասնակից 8 երկրներից որևէ մեկի մասով առանձին չի բաժանվում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:
Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության գործողությունների ծրագրի ինչպես և առաջին փուլում, որն իրականացել էր 2007-2013 թվականներին, երկրորդ փուլում ևս հիմնական շահառու 8 երկրներ են համարվել Հայաստանը, Վրաստանը, Բուլղարիան, Թուրքիան, Ռումինիան, Մոլդովան, Հունաստանը և Ուկրաինան: Մելքոնյանի տեղեկացմամբ` նախապատրաստական փուլում պոտենցիալ շահառու կարող էր լինել նաև Ադրբեջանը, բայց քննարկումների արդյունքում զարգացումներն այնպես ընթացան, որ նա դուրս մնաց համագործակցության այս ծրագրից, չնայած ուներ Թուրքիայի աջակցությունը:
«Քանի որ այստեղ համագործակցության գաղափարն է, իսկ Ադրբեջանն այդքան էլ հակված չէր դրան` մենք քննարկումների արդյունքում եկանք այն եզրահանգմանը, որ այդ երկիրը դուրս մնա համագործակցության այս ծրագրից»,-ասաց նա:
Փոխնախարարի խոսքով` Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող այս ծրագիրը յուրահատուկ է նրանով, որ շահառուները կարող են լինել պետական և ոչ պետական մարմինները, ինչի արդյունքում հնարավորություն է տրվում համագործակցության փաթեթներ ձևավորել նրանց միջև: Գարեգին Մելքոնյանը նաև նշեց, որ Երևանում ու Հայաստանի տարբեր մարզերում մի քանի անգամ իրականացրել են ծրագրի մանրամասն իրազեկվածությանն ուղղված միջոցառումներ, որոնցից մեկը տեղի կունենա մարտի 14-ին Երևանում, իսկ հաջորդը կիրականացվի Երևանից դուրս՝ մարտի 16-ին:
«Մեր նպատակը հանրությանը հնարավորինս իրազեկելն է, որպեսզի կառույցներն ու կազմակերպություններն առավելագույնս օգտվեն այս ծրագրից: Մենք շուրջ մեկ տարի է ակտիվորեն այս թեմայի շուրջ բարձրաձայնում ենք: Ծրագրին հայտեր ներկայացնելու տեսանկյունից կազմակերպությունները սահմանափակումներ չունեն` դաշտը բաց է ցանկացած կազմակերպության համար: Ծրագրին ուղղված 54 մլն եվրոն որևէ երկրի մասով առանձին բաժանում չունի: Այսինքն` այն երկիրը, որը եղավ ավելի ակտիվ, տեղեկացված, մասնագիտացված, պատրաստ, նաև մրցակցային ծրագրեր իրականացնելուն ունակ, ապա այ դ երկիրն առավել շատ կշահի»,-ընդգծեց փոխնախարարը:
Այս ծրագրի մասով, որպես պատասխանատու մարմին, ընտրված է Ռումինիայի էկոնոմիկայի նախարարության ներքո ստեղծված համապատասխան ստորաբաժանումը: Հայտեր ներկայացվելու են էլեկտրոնային տարբերակով` ծրագրի համապատասխան այդ կառույցին:
Մելքոնյանն իր ունեցած տեղեկություններով նշեց, որ ծրագրին դեռևս հայտեր չեն ներկայացվել: Նրա խոսքով` վերջին շրջանում նկատվել են գաղափարներ և ծրագրեր ներկայացնելու ակտիվություն ու հետաքրքրվածություն հայկական կառույցների կողմից: Ըստ փոխնախարարի` ներկայացված ծրագրերի հայտերի թվի մասին հնարավոր կլինի խոսել ժամկետը լրանալուց հետո, քանի որ շատ ծրագրեր կարող են լրացվել բառացիորեն վերջին օրերի ընթացքում, իսկ ծրագրերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 31-ն է:
Անդրադառնալով Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության գործողությունների ծրագրի առաջին շրջափուլին` փոխնախարարն ասաց, որ Հայաստանը ներկայացված է եղել 22 ծրագրերում և դրանցից շատերի առարկայական արդյունքը վերջին տարիների ընթացքում ամենատարբեր կազմակերպությունների կողմից ներկայացվել է հասարակությանը: Նա ընդգծեց, որ կան բազմաթիվ հաջողված նախագծեր, սակայն համագործակցության այս ծրագիրը դեռևս նորություն էր: Մելքոնյանը համոզմունք հայտնեց, որ երկրորդ փուլում այս ծրագրին Հայաստանի ներգրավվածությունը կլինի ավելի ընդգրկուն և դրանք կլինեն ավելի մրցակցային, ինչի արդյունքում առավել շատ ծրագրեր հնարավոր կլինի հաղթել և բերել Հայաստան: Փոխնախարարը նաև հավելեց, որ նախագծերը պետք է համագործակցության գաղափարի վրա հիմնված լինեն և դրանց առաջարկները նախատեսեն ծրագրի շահառու հանդիսացող 2-3 երկրների ներգրավմամբ: «Այսինքն, ծրագիրը չպետք է նախատեսված լինի միայն մեկ երկրի համար: Հենց դրանում է կայանում գաղափարը, որ այն պետք է հիմնված լինի համագործակցության վրա»,- նշեց Գարեգին Մելքոնյանը: