Տիգրան Սարգսյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են ԵԱՏՄ զարգացման արդիական խնդիրները
ЭкономикаՄարտի 13-ին կայացել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի հանդիպումը:
Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի արտաքին գերատեսչության պաշտոնական կայքը, հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ զարգացման արդիական խնդիրներ, ինչպես նաև երրորդ երկրների ու միավորումների հետ Միության հարաբերությունների խորացման հարցեր:
Ողջունելով Տիգրան Սարգսյանին՝ Սերգեյ Լավրովը շեշտել է, որ Միության անդամ երկրների ղեկավարների, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների կողմից ընդունվել են մի շարք որոշումներ, որոնք ուղղված են միջազգային կառույցներում ԵԱՏՄ և ԵՏՀ գործունեության արտաքին քաղաքական աջակցությանը՝ նպատակ ունենալով ամրապնդել կառույցի միջազգային հեղինակությունը:
«Այս աշխատանքը մեզ համար խիստ կարևոր է: Ամբողջ աշխարհում ինտեգրացիոն գործընթացների աճ է, հատկապես տարածաշրջանային ինտեգրման առումով: Մենք ամբողջովին կողմ ենք այդ գործընթացների զարգացմանն ու աճին՝ հասկանալով նաև, որ խիստ կարևոր է միասնական գլոբալ համակարգի պահպանումն, այդ թվում Առևտրի միջազգային կազմակեպության շրջանակներում: Հարցերը շատ են: Կրկնում եմ, ՌԴ արտաքին գործերի նախարարության համար գերակա է մեր աշխատանքի արտաքին քաղաքական ու դիվանագիտական չափումը: Ինձ համար խիստ կարևոր կլինի այսօր Ձեզ հետ այդ ամենի մասին զրուցելը»,- նշել է Սերգեյ Լավրովը:
Տիգրան Սարգսյանն իր հերթին նշել է, որ ԵԱՏՄ արտաքին առևտրային գործունեությունը նոր թափ է ստանում, միավորման նկատմամբ հետաքրքրությունը բարձ է: «Մենք անընդհատ նոր հայտեր ենք ստանում առևտրատնտեսական հարաբերությունների հաստատման մասին:
Առաջին հերթին հետաքրքրություն կա՝ կապված ազատ առևտրի գոտիների վերաբերյալ համաձայնագրեր կնքելու հետ, և այդ տեսակետից մեր առջև կանգնած առաջնային խնդիրն է՝ նախանշել արտաքին տնտեսական գործունեության առաջնահերթությունները և այն երկրները, որոնց հետ մենք առաջին հերթին պետք է ծավալենք առևտրատնտեսական փոխ հարաբերություններ:
Այս տեսանկյունից մեր միջազգային կառույցի գործունեության կոորդինացումն արտաքին գործընկերների հետ, ինչպես նաև արտաքին գործերի նախարարությունների գործունեության կոորդինացումը մեզ համար առաջնային նշանակություն ունեն: Շնորհակալ ենք այդ գերակայությունները համատեղ քննարկելու հնարավորության համար»,- հավելել է Տիգրան Սարգսյանը: