Բնության հատուկ պահպանվող տարածքներում սկսվել են գարնանային մոնիթորինգի աշխատանքները
ОбществоՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում սկսվել են գարնանային մոնիթորինգի աշխատանքները:
Ինչպես տեղեկացրին բնապահպանության նախարարությունից, շարունակվում է ՀՀ բնապահպանության նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից Սևանա լճի մակերևույթի սառցակալման հետևանքով սահմանված խիստ հսկողության ռեժիմը:
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ մասնավորապես` ամենօրյա ստուգայցեր և շրջայցեր որսագողության կանխման, ինչպես նաև թռչունների վիճակի գնահատման համար: «Զանգեզուր» կենսոլորտային ՊՈԱԿ-ի կողմից հատուկ պահպանվող տարածքներում իրականացվում են շուրջօրյա հերթապահությունները և պարբերական շրջայցերը: Վերջին շաբաթվա ընթացքում կատարվել են վայրի չվող և նստակյաց թռչնատեսակների ուսումնասիրություններ, որոնց ընթացքում հանդիպել են ամուրիկ, սպիտակախածի կեռնեխ, սև կեռնեխ, անտառային կաչաղակ, մեծ երաշտահավ, խայտաբղետ և սովորական փայտփորիկներ, սովորական խածկտիկ, հատբեկիչ, սոսնձակեռնեխ, սովորական սիտեղ, սովորական սարյակ, լեռնային դրախտապան և կարմրակատար:
Դիտարկումների ընթացքում հանդիպել են նաև 4 եվրոպական այծյամ, 9 շնագայլ, 4 աղվես, 2 փորսող և 3 աքիս: Կատարվել է «Զանգեզուր» կենսոլորտային ՊՈԱԿ-ի «Խուստուփ» պետական արգելավայր մասնաճյուղի փաթաթվող թփերի տեսակային հաշվառում: «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է անտառախախտման 1 դեպք, որի առթիվ կազմվել է արձանագրություն և ուղարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին:
Գարնանամուտի հետ կապված նվազել է վառելափայտի պահանջարկը, ինչի արդյունքում աշխատանքային 4 օրվա ընթացքում բնակչությանը բաց է թողնվել 2 խ.մ. վառելափայտ: Նույն ժամանակահատվածում «Խոսրովի անտառ» պետական արգելոցը համագործակցելով Վայրի բնության հիմնադրամի հետ, տեսա և ֆոտոբռնիչների օգնությամբ կատարում է կենդանական աշխարհի սեզոնային միգրացիայի և հաշվառման աշխատանքներ, որոնք հիմնականում տեղի են ունենում «Խոսրով» և «Խաչաձոր» տեղամասերում:
«Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրում ուսումնասիրությունների համար կատարվում են փորձահրապարակների նախապատրաստման աշխատանքներ: Իրականացվում են շուրջօրյա հերթապահություններ և շրջագայություններ, որի ընթացքում մեկ շաբաթում չի հայտնաբերվել արգելոցային ռեժիմի որևէ խախտում: Արգելոցի բուսաբանական բաժնում կատարվում են հերբարիումների թվայնացման աշխատանքներ: «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացվում են շուրջօրյա հերթապահություններ և շրջագայություններ, որի ընթացքում մեկ շաբաթում չի հայտնաբերվել արգելոցային ռեժիմի որևէ խախտում: