Վերջին երեք տարիներին Հայաստանը կայուն մակրոտնտեսական միջավայր ունի. ՀՀ Նախագահ
ЭкономикаՀայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը, իսկ այնուհետև Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործում ակտիվ մասնակցությունը ժամանակային առումով համընկել է համաշխարհային տնտեսության այն բացասական միտումների հետ, որոնք շարունակվում են մինչև օրս: Ինչպես հաղորդում է Արմենպրեսի թղթակիցը, այս մասին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, պատասխանելով ուսանողն երից մեկի հարցին, նշեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Այդ պատճառով էլ ժողովուրդը, մեր քաղաքացիներն իրենց վրա չեն զգացել այն դրական պահերը, որոնց մենք հասանք ԵԱՏՄ անդամ դառնալով: Ցանկացած դեպքում, կարճ ասեմ, որ վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանը կայուն մակրոտնտեսական միջավայր ունի»,- շեշտեց ՀՀ Նախագահը:
Նրա խոսքով`արդեն երրորդ տարին է՝ Հայաստանից արտահանումն աճում է 17-20 տոկոսով, որի մեծ մասը գյուղատնտեսական ապրանքներ են. «այսինքն` այն ոլորտն է, որում զբաղված է մեր բնակչության մեծամասնությունը»:
«Իհարկե, կան դեռևս հարցեր, և մեզնից` միության անդամներից շատ բան է կախված, իսկ մեր քաղաքացիների աջակցությունը կարող ենք ունենալ այն ժամանակ, երբ իրենք կզգան դրական արդյունքները»,- ամփոփեց Հանրապետության Նախագահը:
Սերժ Սարգսյանի խոսքով`ԵԱՏՄ-ն և Հայաստանը ցանկանում են, որ այդ ընդհանուր տարածքում ազատ տեղաշարժվեն ապրանքները, ծառայությունները, կապիտալն ու աշխատուժը. «որ ավելի քիչ լինեն սահմանափակող հանգամանքները, որ ավելի հեշտ լինի բիզնեսի կազմակերպումը, որ մեր տնտեսական հնարավորությունները հավասարվեն, որպեսզի կյանքը մեր երկրներում հնարավորություն ստեղծի քաղաքացիների համար ավելի լավ զգալ, քան այսօր»: