ՀՀ գյուղնախարարությունը հիշեցրել է հրդեհների կանխարգելման նպատակով ձեռնարկվելիք անհրաժեշտ քայլերը
ОбществоՀՀ գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ հանրապետության անտառային և հարակից տարածքներում մեծացել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը, ինչի մասին են վկայում նաև անտառային հրդեհների դեպքերը:
Համայնքի սեփականություն հանդիսացող ցանքատարածքները բուսական մնացորդներից մաքրելու նպատակով բնակչության կողմից կատարվում են հրկիզումներ, որոնք հաճախ տարածվում են անտառային տարածքներ` մեծ վնաս պատճառելով բնությանը և շրջակա միջավայրին:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հիշեցնում է, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի համաձայն` արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքներում:
Հրդեհավտանգ ժամանակաշրջանում գյուղատնտեսական նշանակության հողերում հրդեհների կանխարգելման նպատակով, արգելվում է`
1. Կրակ վառել,
2. Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել,
3. Յուղերով, բենզինով և դյուրավառ այլ հեղուկներով ներծծված լաթեր թողնել:
Հրդեհավտանգ ժամանակաշրջանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս հրդեհաշիջման նպատակով պատրաստ վիճակում պետք է ունենալ հակահրդեհային սարքավորումներ ու սկզբնական հրդեհաշիջման միջոցներ (կրակմարիչներ, ջրով լի տարաներ, բահեր և այլն):
Գյուղատնտեսական հողերում ծագած հրդեհների դեպքում, որոնք կարող են ներթափանցել անտառային տարածք, հողօգտագործողները պետք է անմիջապես ահազանգեն ՀՀ ԱԻՆ տեղական ստորաբաժանումներին, ինչպես նաև սեփական ուժերով միջոցներ ձեռնարկեն հրդեհի մարման համար` մինչև համապատասխան օգնության ժամանելը: